Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունն ապրիլի 10-ին Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Ներքին Խնձորեսկ հատվածում ՀՀ և Ադրբեջանի սահմանապահների միջև տեղի ունեցած հրաձգության դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ ՍԶ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող Յ.Ք-ի և վերակարգի մեջ գտնվող սահմանապահ զինծառայողների վերաբերյալ հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտե՝ հայտարարելով, որ նրանք կանոններ են խախտել, տեղեկանում ենք ԱԱԾ հաղորդագրությունից։
«Միջադեպի առթիվ իրականացված ծառայողական քննության արդյունքում պարզվել է, որ ՀՀ ԱԱԾ ՍԶ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, նշված հատվածում սահմանապահ ծառայություն իրականացնող վերակարգի ավագ Յ.Ք-ն, տեղեկանալով հովվի և նրա հոտի կողմից մոլորվելու հետևանքով Ադրբեջանի տարածքում հայտնվելու և հովվի կողմից Հայաստանի տարածք վերադառնալու հանգամանքի մասին, վերջինիս և վերակարգի մեջ գտնվող սահմանապահ ծառայողների հետ փորձել են հատել ՀՀ պետական սահմանը և վերադարձնել հոտը՝ խախտելով սահմանապահ ծառայություն կրելու կանոնները, որն անզգուշությամբ պատճառել է էական վնաս, այն է՝ նշված սահմանապահ հատվածում սկսվել է անհարկի հրաձգություն, ակնհայտ վտանգի է ենթարկվել մարդկանց կյանքն ու առողջությունը»,- հայտնել են ԱԱԾ-ում։
Գերատեսչությունը նշել է, որ սահմանապահի գործողություններն «առաջացրել են պետության անվտանգության համար սպառնալիք, ինչպես նաև պետական սահմանի նշված հատվածում պատշաճ հսկողության բացակայության վիճակ»։
«Միջադեպի արդյունքում վիրավորում է ստացել Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության զինծառայող: Ափսոսանք հայտնելով կատարվածի կապակցությամբ՝ միևնույն ժամանակ համապատասխան միջոցներ են ձեռնարկվել ԱԱԾ ՍԶ զինծառայողների կողմից սահմանապահ գործառույթ իրականացնելիս սահմանապահ ծառայություն կրելու կանոնները խստագույնս պահպանելու և նմանատիպ դեպքերը բացառելու նպատակով»,- հավելել են ԱԱԾ-ում։
Ապրիլի 10-ին ԱԱԾ-ն հայտնել էր, որ ՀՀ քաղաքացի հանդիսացող հովիվը մոլորված հոտին փնտրելիս հայտնվել է Ադրբեջանի տարածքում և իրադրության բերումով՝ երկու կողմի սահմանապահների միջև հրաձգություն է տեղի ունեցել, ինչի հետևանքով ադրբեջանական կողմը մեկ վիրավոր ունի։