Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը «ՎԵՏՕ» շարժման հիմնադիր Նարեկ Մալյանին մեղավոր ճանաչեց առաջադրված մեղադրանքի մեջ։ Դատավճիռը հրապարակվեց այսօր՝ դատավոր Սուսաննա Գզոգյանի կողմից։
Նրա նկատմամբ պատիժ սահմանվեց ազատազրկումը 1 տարի ժամկետով։ Հաշվարկելով Մալյանի անազատության մեջ գտնվելու ժամանակահատվածը՝ նա անազատության մեջ կանցկացնի ևս 5 ամիս և 7 օր։
Դատական ծախսերի համար Մալյանից կբռնագանձվի 108 000 և 198 000 դրամ։ Դատավճիռը կարող է բողոքարկվել Վերաքննիչ դատարան՝ 30-օրյա ժամկետում։
Մալյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, այն է՝ ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործությունների, զանգվածային լրատվության միջոցների կամ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ։ Արարքը պատժվում է ազատազրկմամբ՝ մինչև չորս տարի ժամկետով: Մալյանը ձերբակալվել էր 2023 թվականի սեպտեմբերի 20-ին։