ՀՀ Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի նկատմամբ տնային կալանքը ապրիլի 12-ին երկարաձգվել է ևս երկու ամսով, հայտնել է նրա պաշտպան Տիգրան Եգորյանը։
Նա ընդգծել է, որ կալանքն իրականացվում է բոլոր հնարավոր սահմանափակումներով. Քերոբյանին նույնիսկ չեն թույլատրում բժշկական ծառայություններ ստանալ:
Պաշտպանը հայտնել է, որ այդ գործով բոլոր մեղադրյալներն արդեն գտնվում են ազատության մեջ, մեծ մասն անցել են իրենց նախկին աշխատանքին, այդ թվում՝ Էկոնոմիկայի նախարարությունում։
«Ըստ երկարաձգման միջնորդության և դատարանի որոշման՝ հաշվի չեն առնվել մեր ներկայացրած հիմնավորումները, Քերոբյանի անձնական և ընտանեկան դրությունն ու հանգամանքները։ Անտեսվել են ՀՀ ում և միջազգային շրջանակում ճանաչված ու հեղինակավոր 45 գործչի անձնական երաշխավորությունները, ինչպես նաև գրավի կիրառման հնարավորությունը»,- գրել է Եգորյանը։
Ըստ պաշտոնական դիրքորոշման՝ վարույթ իրականացնող մարմնին անհրաժեշտ է Քերոբյանին ևս երկու ամսով կալանքի տակ պահել, քանի որ նրանք պետք է բազմաթիվ թղթեր ուսումնասիրեն իրենց գրասենյակներում և հարցաքննություններ անցկացնեն։
Քերոբյանը հրաժարական էր տվել փետրվարի 14-ին՝ նախարարությունում կոռուպցիոն սկանդալի ֆոնին։ Փետրվարի 15-ին նախկին նախարարի փաստաբան Տիգրան Եգորյանը հայտնել էր, որ Քերոբյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ։ Փետրվարի 16-ին Հակակոռուպցիոն դատարանը երկու ամսով տնային կալանքի էր ենթարկել Էկոնոմիկայի նախկին նախարարին։