Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հայտնել է, որ հանրային տրանսպորտում իշխանական պատգամավոր Հակոբ Ասլանյանին «հակահայ վիժվածք» անվանած Սամվել Վարդանյանին ձերբակալել են: Նա նշել է, որ իր պաշտպանյալը Երևանի քննչականում է:
«Սամվելը ձերբակալվել է խուլիգանության կասկածով, այս պահին շարունակվում են քննչական գործողությունները, որից հետո կտեղափոխվի ձերբակալվածների համար նախատեսված վայր»,- նշել է նա:
Մինչ այդ Մելիքյանը հայտնել էր, որ Սամվելին զրկել են փաստաբանի հետ կապվելու իրավունքից։ «Տեսանյութը դիտեցի։ Ո՛չ խուլիգանության, ո՛չ էլ որևէ այլ հանցակազմի նշույլ չկա։ Կա օրենքը չխախտող հանրային պարսավանք մի մարդու նկատմամբ, ով ստանձնել է քաղաքական պատասխանատվություն ու ոտից-գլուխ տապալել»,- Facebook-ի իր էջում գրել է պաշտպանը։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը տեսանյութ էր հրապարակել, որտեղ քաղաքացին վիրավորում է պատգամավոր Հակոբ Ասլանյանին, նրան անվանում «հակահայ վիժվածք»։ Սիմոնյանը գրել էր, որ «խուլիգանական արարքը շատ արագ արժանանալու է օրենքի ամենախիստ արձագանքին»։