Ազգային ժողովի ՔՊ պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ կապված միջադեպից հետո խմբակցության ղեկավարությունը նրան հորդորել է դիմել իրավապահներին՝ տրանսպորտում իր հետ վիճաբանած քաղաքացուն՝ Սամվել Վարդանյանին պատժելու համար, հայտնել է «Հրապարակ»-ը՝ հղում անելով սեփական աղբյուրին։
Ըստ աղբյուրի՝ Տավուշի 4 գյուղի շուրջ ծավալվող իրադարձությունների ֆոնին հանրության վերաբերմունքը կտրուկ փոխվել է նրանց նկատմամբ, և սա ՔՊ անդամներին հրապարակայնորեն քննադատելու առաջին դեպքը չէ։
«Նրանցից շատերն են նման տհաճ միջադեպերի մեջ հայտնվում, մարդիկ նյարդային են արձագանքում իրենց տեսնելիս, սակայն նրանք միշտ չէ, որ տեսալուսանկարահանվում են, ուստի ՔՊ-ն չի բարձրաձայնում այդ մասին»,- գրել է թերթը:
Լրատվականը հավելել է, որ նման պատմությունների մեջ ընկնողները «ոտքով քայլող շարքային ՔՊ-ականներն են»։
«Ասլանյանին վիրավորած երիտասարդին պատժելը նաև ինքնապաշտպանություն է` մարդկանց աչքը վախեցնել ու համար, որպեսզի այլևս նման միջադեպեր չլինեն»,- գրել է թերթը:
Ապրիլի 15-ին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը տեսանյութ էր հրապարակել, որտեղ քաղաքացին վիրավորում էր պատգամավորին, նրան անվանում «հակահայ վիժվածք»։ Սիմոնյանը գրել էր, որ «խուլիգանական արարքը շատ արագ արժանանալու է օրենքի ամենախիստ արձագանքին»։ Ավելի ուշ իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հայտնել էր Վարդանյանի ձերբակալության մասին՝ նշելով, որ տեսանյութում «ո՛չ խուլիգանության, ո՛չ էլ որևէ այլ հանցակազմի նշույլ չկա»։ Քննչական կոմիտեն միջադեպի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (խուլիգանություն):