ՔՊ պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ միջադեպի գործով ձերբակալված Սամվել Վարդանյանի պաշտպանը հայտնել է վերջինիս դաժան ծեծի ենթարկելու, խոշտանգելու մասին:
Իրավապաշտպան Վարազդատ Հարությունյանը նշել է, որ ապրիլի 15-ին, քննչական գործողությունների ավարտից հետո, Երևան քաղաքի Քննչական վարչության շենքից փաստաբանները Վարդանյանից բաժանվել են, և «նա առողջական որևէ բողոք, որևէ վնասվածք չի ունեցել, իրեն շատ լավ է զգացել»:
«Այսօր Սամվելին տեսա, դեմքի ճակատային մասը, աջ ձեռքն ուռած էր, ձախ քունքը՝ վնասված, քերծվածքներ ուներ»,- պատմել է Հարությունյանը:
Սամվելը պաշտպանին պատմել է, որ ՔԿ շենքից դուրս գալուց 1-1.5 րոպե հետո ոստիկանական մեքենան կանգնել է, և քաղաքացիական հագուստով երկու ուղեկցող ոստիկաններն ասել են, որ բնական կարիքները պետք է հոգան ու մեքենայից դուրս են եկել:
Նա շեշտել է, որ քաղաքացիական հագուստով ոստիկաններն ընդհանրապես իրավունք չունեին ուղեկցվող ձերբակալված անձին միանյակ թողնել մեքենայի մեջ:
«Դրանից հետո դիմակավորված երեք անձ նրան մեքենայից դուրս են հանել, գլուխը հարվածել գետնին, սկսել են ձեռքերով հարվածել, սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնել՝ արժանապատվությունը վիրավորող ամենավերջին խոսքերով ու գործողություններով»,- նշել է պաշտպանը և հավելել, որ այսպիսի դրվագներ կարելի է լսել միայն Բաքվի բանտում պահվածներից:
Պաշտպան Ռուբեն Մելիքյանը շեշտել է՝ հիմքեր ունեն ենթադրելու, որ ոստիկանները մասնակից են, բայց ոչ բուն կազմակերպիչները:
«Ալեն Սիմոնյանի և մյուսների հայտարարություններն ուղիղ հիմք են տալիս ենթադրելու, որ սա կազմակերպվել է հենց ՔՊ-ի կողմից՝ ոստիկանության որոշակի մասնակցությամբ»,- ընդգծել է նա՝ ավելացնելով, որ դիմելու են մի շարք կազմակերպությունների ու դեսպանատների:
Ապրիլի 15-ին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը տեսանյութ էր հրապարակել, որտեղ քաղաքացին վիրավորում էր պատգամավորին, նրան անվանում «հակահայ վիժվածք»։ Սիմոնյանը գրել էր, որ «խուլիգանական արարքը շատ արագ արժանանալու է օրենքի ամենախիստ արձագանքին»։ Ավելի ուշ իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հայտնել էր Վարդանյանի ձերբակալության մասին՝ նշելով, որ տեսանյութում «ո՛չ խուլիգանության, ո՛չ էլ որևէ այլ հանցակազմի նշույլ չկա»։ Քննչական կոմիտեն միջադեպի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (խուլիգանություն):
Մանրամասները՝ տեսանյութում: