Իշխանական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ միջադեպի գործով ձերբակալված Սամվել Վարդանյանին մի խումբ դիմակավորված անձանց կողմից ծեծի ենթարկելու տեղեկության հաշվառմամբ ՀՀ ՄԻՊ ներկայացուցիչներն առանձնազրույց են ունեցել նրա հետ, հայտնում է ՄԻՊ գրասենյակը:
Գրասենյակից նաև հավելում են, որ համապատասխան գրություններ կուղարկվեն ՀՀ գլխավոր դատախազություն և ՀՀ ՆԳՆ՝ նշված դեպքի հանգամանքները մանրամասն և բազմակողմանի քննության առարկա դարձնելու պահանջով:
Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծել է, որ բռնության ցանկացած դրսևորում խիստ անընդունելի և դատապարտելի է։
«Յուրաքանչյուր դեպք պետք է արժանանա պատշաճ իրավական գնահատականի, իսկ մեղավորները` ենթարկվեն պատասպանատվության: Պետությունն այս առումով ունի հստակ իրավական պարտավորություններ»,- նշել է ՄԻՊ-ը։
Ապրիլի 15-ին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը տեսանյութ էր հրապարակել, որտեղ քաղաքացին վիրավորում էր պատգամավորին, նրան անվանում «հակահայ վիժվածք»։ Սիմոնյանը գրել էր, որ «խուլիգանական արարքը շատ արագ արժանանալու է օրենքի ամենախիստ արձագանքին»։ Ավելի ուշ իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հայտնել էր Վարդանյանի ձերբակալության մասին՝ նշելով, որ տեսանյութում «ո՛չ խուլիգանության, ո՛չ էլ որևէ այլ հանցակազմի նշույլ չկա»։ Քննչական կոմիտեն միջադեպի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (խուլիգանություն):
Վարդանյանի պաշտպան Վարազդատ Հարությունյանը հայտնել էր նրան դաժան ծեծի ենթարկելու, խոշտանգելու մասին: