Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ կապված միջադեպից հետո կալանավորված Սամվել Վարդանյանի նկատմամբ դատարանը որպես խափանման միջոց է ընտրել տնային կալանքը և 7 միլիոն դրամ գրավը (ավելի քան 17 000 ԱՄՆ դոլար), հայտնել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
Նախկինում քննությունը միջնորդել էր Վարդանյանին կալանավորել։ Մելիքյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ պաշտպանական կողմն, իր հերթին, առաջարկել է դատարանին Վարդանյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել գրավը և տնային կալանքը։
Ապրիլի 15-ին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հրապարակել էր «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Հակոբ Ասլանյանի մասնակցությամբ ավտոբուսում տեղի ունեցած միջադեպի տեսանյութը, որում Վարդանյանը պատգամավորին անվանել էր «հակահայ վիժվածք» և ասել, որ իշխանությունները «հանձնում են իրենց հայրենիքը»։ Պատգամավորի հասցեին հնչեցրած վիրավորանքները Սիմոնյանը «խուլիգանական արարք» էր որակել։
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն ավելի ուշ հայտնել էր Վարդանյանի կալանավորման մասին։ Քննչական կոմիտեն քրեական գործ էր հարուցել Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանություն, պատժի առավելագույն ժամկետն ազատազրկումն է երկու տարով)։ Ավելի ուշ ձերբակալվածին մեղադրանք էր առաջադրվել նաև քաղաքական նպատակներով ատելություն սերմանելու համար։ Փաստաբան Վարազդատ Հարությունյանը պատմել էր նաև Վարդանյանի ձերբակալությունից հետո ծեծի ենթարկելու մանրամասները։