ՔԿ-ն մանրամասներ է հայտնել Թումանյանի ծաղկի տաղավարում տեղի ունեցած խուլիգանության դեպքի մասին, որով անցնում են 22 և 19 տարեկան ՌԴ քաղաքացիներ։
Քննությամբ պարզվել է, որ 22-ամյա երիտասարդն իր 19-ամյա ընկերուհու հետ նախնական համաձայնություն է ձեռք բերել խուլիգանական գործողություններ և հասարակության նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու եղանակով շահույթ ստանալու շուրջ:
2023թ․ դեկտեմբերի 8-ին՝ ժամը 22:00-ից մինչև 23:30-ն ընկած ժամանակահատվածում նրանցից մեկը բարձրացել է Թումանյան փողոցում գտնվող վաճառակետի ցուցափեղկի վրա և կոտրել: Ապա հարևանությամբ գործող վաճառքի կետի ցուցափեղկին շարված մրգերը նետել է աշխատակցի վրա՝ այդ կերպ ստորացնելով վերջինիս։ Հետո մոտեցել է Մաշտոց փողոցում գործող ծաղկի վաճառակետին և կրկին նույն դրդումներով ծաղիկները նետել է գետնին և տրորել դրանք՝ հնչեցնելով հայհոյանքներ և անպարկեշտ արտահայտություններ:
Նույն ընթացքում վերջինիս 19-ամյա ընկերուհին հայհոյախառն արտահայտություններ է հնչեցրել և ամբողջ ընթացքում տեսանկարահանել և հասարակության անդամների համար հասանելի սոցիալական հարթակներում հրապարակել է ընկերոջ հակաօրինական և հակաբարոյական գործողությունները։
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 22-ամյա երիտասարդին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով (Խուլիգանություն, պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով): Որպես խափանման միջոց՝ նրա նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելքը։
Նրա մասով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան հանձնելու համար, ուղարկվել են հսկող դատախազին:
Նախաքննությամբ տվյալներ էին ստացվել 19-ամյա աղջկա կողմից թմրանյութ օգտագործելու վերաբերյալ: ՔԿ-ն հայտնել էր, որ դեկտեմբերի 12-ին նա փորձել էր փախչել Քննչական կոմիտեի զուգարանի պատուհանից ու ստացել է մարմնական վնասվածք։