Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ Վազգեն Սաղաթելյանի կալանքի դեմ պաշտպանների բողոքը, հայտնել է փաստաբան Արսեն Բաբայանը։
«Վազգեն Սաղաթելյանի և Նարեկ Սամսոնյանի նկատմամբ քաղաքական հետապնդումները շարունակվում են։ Վազգենն ու Նարեկը քաղբանտարկյալներ են, որոնք կալանավորվել են ծանր վիրավորանքի մեղադրանքով, ինչը վաղուց ապաքրեականացված է»,- Facebook-ում գրել է Բաբայանը։
Մարտի 22-ին Քննչական կոմիտեն հայտարարել էր, որ «Իմնեմնիմի» փոդքասթի հաղորդավարներ Սամսոնյանին և Սաղաթելյանին խուլիգանություն կատարելու հոդվածով մեղադրանք է առաջադրել՝ հաղորդման ընթացքում ՀՀ կառավարության անդամների և իշխանության ներկայացուցիչների հասցեին «հայհոյանքներ և անպարկեշտ արտահայտություններ հնչեցրելու» համար։ Սամսոնյանը և Սաղաթելյանը 2 ամսով կալանավորվել են։