Ապրիլի 25-ի՝ ժամը 15։00-ի դրությամբ, Երևանում բերման է ենթարկվել ակցիաների 30, Նոյեմբերյանից՝ 12 մասնակից, Armenia Today-ին հայտնել են ՆԳՆ հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից։
Տավուշում սահմանազատման գործընթացի դեմ պայքարող հայրենակիցներին աջակցելու համար ապրիլի 25-ին Հայաստանի տարբեր մարզերում անհնազանդության ակցիաներ են սկսվել, ճանապարհներ են փակվել։ Քաղաքացիները փակել էին Երևան-Գյումրի ճանապարհը, Հայաստան-Իրան միջպետական ճանապարհը՝ Տիգրանաշենի հատվածում, Երևան-Սևան ճանապարհը՝ Մարտունու հատվածում։ Ավելի ուշ ակցիաներ են սկսվել նաև Երևանում։ Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին շարունակում է փակ մնալ Կիրանցի, Ալավերդու և Բագրատաշենի հատվածներում։
Ապրիլի 23-ին կառավարությունից հայտնել էին, որ հայ-ադրբեջանական սահմանին սահմանազատման փորձագիտական խմբերն սկսել են կոորդինատների ճշտման գործընթաց, որի շուրջ պայմանավորվածություն էր ձեռք բերվել ապրիլի 19-ին՝ երկու երկրների միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների 8-րդ հանդիպմանը։
ՀՀ ԱԳՆ ապրիլի 19-ին հայտարարել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատման գործընթացն սկսել Տավուշի մարզից, ինչից հետո Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները բողոքի ակցիաներ էին սկսել։ Ակցիաների պատճառ էր դարձել նաև վարչապետի աշխատակազմի՝ ավելի ուշ արված հայտարարությունը, ըստ որի սահմանազատումից հետո Զինված ուժերը նշված հատվածների շրջանում իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին, իսկ Ադրբեջանի սահմանապահ ծառայությունն է՛լ ավելի կմոտենա Կիրանց և Ոսկեպար գյուղերին։