Քննչական կոմիտեն հայտնում է բողոքի ակցիայի մասնակից կնոջ ձերբակալության մասին, որը, ըստ ՔԿ-ի, հարվածել է ոստիկանին։
ՔԿ-ից մանրամասնել են, որ խոսքն ապրիլի 24-ին Ազատության հրապարակում «Ազգային ժողովրդավարական բևեռ» կուսակցության կողմից կազմակերպված հանրահավաքին հաջորդած երթի ժամանակ տեղի ունեցած միջադեպի մասին է։
«Թումանյան և Մաշտոց փողոցների խաչմերուկում կուսակցության աջակիցներն անօրինական կերպով փակել էին ճանապարհահատվածի երթևեկելի հատվածը։ Ոստիկանության աշխատակիցների կողմից ճանապարհը բացելու օրինական պահանջ ներկայացնելուց հետո երթևեկությանը խոչընդոտող անձանց վարչական ձերբակալում իրականացնելու ընթացքում հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին»,- հավելել են ՔԿ-ից։
Ստացված հաղորդման առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի նկատմամբ բռնություն գործադրելը, առավելագույն պատիժն ազատազրկում՝ 5 տարի ժամկետով)։
Ապրիլի 23-ին կառավարությունից հայտնել էին, որ հայ-ադրբեջանական սահմանին սահմանազատման փորձագիտական խմբերը կոորդինատների ճշտման գործընթաց են սկսել։ ՀՀ ԱԳՆ ապրիլի 19-ին հայտարարել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատման գործընթացն սկսել Տավուշի մարզից, ինչից հետո Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները բողոքի ակցիաներ էին սկսել։ Ակցիաների պատճառ էր դարձել նաև վարչապետի աշխատակազմի՝ ավելի ուշ արված հայտարարությունը, ըստ որի սահմանազատումից հետո Զինված ուժերը նշված հատվածների շրջանում իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին, իսկ Ադրբեջանի սահմանապահ ծառայությունն է՛լ ավելի կմոտենա Կիրանց և Ոսկեպար գյուղերին։ Ապրիլի 24-ին ակցիաներ էին սկսվել նաև Երևանում, որոնք շարունակվում են նաև ապրիլի 25-ին։