ՀՀ քաղաքացիներ Վ.Մ.-ն և Ս. Ջ-ն լրտեսություն և թշնամական գործունեություն իրականացնելու համար օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցչին այլ օգնություն ցույց տալու եղանակներով կատարել են պետական դավաճանություն՝ ի վնաս ՀՀ ինքնիշխանության և արտաքին անվտանգության, հայտնել են Քննչական կոմիտեից։
Տեղեկարցել են, որ Վ.Մ.-ի և Ս.Ջ-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, վերջիններիս նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
«Մասնավորապես, Վ. Մ.-ն 2015թ․ սեպտեմբերի 4-ին ընտանիքով հատել է ՀՀ պետական սահմանը, այնուհետև՝ թշնամական գործունեություն իրականացնելու համար անցել է Ադրբեջանի կողմը՝ մեկնել է Բաքու քաղաք, որտեղ հանդիպել է ադրբեջանական հատուկ ծառայության ներկայացուցիչների հետ, և հավաքագրվելով նրանց կողմից՝ համագործակցության համաձայնագիր է կնքել, որից հետո վերջիններիս հանձնարարությամբ զանգվածային լրատվության միջոցներով հակահայկական ելույթներ է ունեցել, որոնցով վատաբանել է ՀՀ իշխանություններին և գովաբանել ադրբեջանական իշխանություններին, որոնք օգտագործվել են լրատվական միջոցներով»,- ընդգծել են ՔԿ-ից։
ՔԿ-ից հավելել են, որ դրանից հետո, Վ. Մ.-ն, հավաքագրված լինելով ադրբեջանական հատուկ ծառայության ներկայացուցիչների կողմից, վերջիններիս այլ օգնություն ցույց տալու միջոցով՝ հատուկ ծառայությունների հանձնարարությամբ և հսկողությամբ, կեղծ սոցիալական ցանցերի միջոցով, հիմնել է «խաղաղության հարթակ» կեղծ խորագրով գաղափարախոսական կազմակերպություն, որում հավաքագրել է ՀՀ քաղաքացի Ս.Ջ.-ին:
«Ս. Ջ.-Ն, հաստատապես իմանալով Վ.Մ.-ի գործունեության մասին, 2017 թվականին անցել է Ադրբեջանի կողմը, այն է՝ մեկնել է Բաքու, հանդիպել ռազմական ոլորտի ներկայացուցիչների հետ, և հավաքագրվելով նրանց կողմից՝ համագործակցության համաձայնագիր է կնքել, որից հետո գումարի դիմաց վերջիններիս հայտնել է պետական գաղտնիք պարունակող՝ ինչպես Քարվաճառի զորամասի, այնպես էլ Հայաստանի Հանրապետության հետ կապված տեղեկություններ, այնուհետև՝ Ադրբեջանի Հանրապետության հատուկ ծառայության ներկայացուցիչներին այլ օգնություն ցույց տալու եղանակով՝ վերջիններիս պահանջով հարցազրույց է տվել, որի ժամանակ գովաբանել է Ադրբեջանի Հանրապետությունը և հակահայկական ելույթներ ունեցել, որոնք օգտագործվել են զանգվածային լրատվական միջոցներով»,- մանրամասնել են ՔԿ-ից։
Նշված արարքները կատարելու համար Վ.Մ-ի և Ս.Ջ.-ի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասով (պետական դավաճանություն, առավելագույն պատիժը՝ ցմահ ազատազրկում) քրեական հետապնդում է հարուցվել։