Ձերբակալվածների պահման վայրում գտնվող «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ, քաղաքագետ Սուրեն Պետրոսյանին մեղադրանք չի առաջադրվել, Armenia Today-ին հայտնել է փաստաբան, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։
Պետրոսյանին ձերբակալել էին ապրիլի 24-ին՝ Տավուշում սահմանազատման գործընթացի դեմ ակցիաների ժամանակ։ Ձերբակալության 72 ժամը լրանում է այսօր։
Մելիքյանը հայտնել է, որ Պետրոսյանը դեռ գտնվում է ձերբակալվածների պահման վայրում և կարող է ազատ արձակվել այսօր՝ մինչև 20։10-ը։
ՀՀ ԱԳՆ-ն ապրիլի 19-ին հայտնել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատման գործընթացը սկսել Տավուշի մարզից, ինչից հետո Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները բողոքի ակցիաներ էին սկսել։ Ակցիաների պատճառ էր դարձել նաև վարչապետի աշխատակազմի՝ ավելի ուշ արված հայտարարությունը, ըստ որի՝ սահմանազատումից հետո Զինված ուժերը նշված հատվածների շրջանում իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին։ Ապրիլի 19-ից մեկնարկած ակցիաները հաջորդող օրերին սկսվել են նաև ՀՀ այլ մարզերում, Երևանում և շարունակվում են ապրիլի 26-ին։ Ապրիլի 25-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում գեոդեզիական չափումների հիման վրա 20 սահմանային սյուն է տեղադրվել։