Ոստիկանները Երևան-Սևան մայրուղու հատվածից բերման են ենթարկում քաղաքացիներին, նրանց թվում է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը, որը միացել էր Տավուշում սահմանազատման դեմ ակցիա իրականացնողներին, հայտնում են «Ազգային ճակատ» հասարակական կազմակերպությունից։
Խաչատրյանը բերման է ենթարկվել Ոստիկանության Հրազդանի բաժին։
Երևան-Սևան մայրուղին Հրազդան քաղաքի հատվածում շարունակում է փակ մնալ։
ՀՀ ԱԳՆ-ն ապրիլի 19-ին հայտնել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատման գործընթացը սկսել Տավուշի մարզից, ինչից հետո Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները բողոքի ակցիաներ էին սկսել։ Ակցիաների պատճառ էր դարձել նաև վարչապետի աշխատակազմի՝ ավելի ուշ արված հայտարարությունը, ըստ որի՝ սահմանազատումից հետո Զինված ուժերը նշված հատվածների շրջանում իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին։ Ապրիլի 19-ից մեկնարկած ակցիաները հաջորդող օրերին սկսվել են նաև ՀՀ այլ մարզերում, Երևանում և շարունակվում են ապրիլի 26-ին։ Ապրիլի 25-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում գեոդեզիական չափումների հիման վրա 20 սահմանային սյուն է տեղադրվել։