Քննչական կոմիտեն հրապարակել է ապրիլի 21-ին Տավուշում Երկրապահ կամավորական միության նշանով մեքենայի վարորդի ու սահմանազատման դեմ ակցիայի մասնակիցների միջև տեղի ունեցած միջադեպի մանրամասները՝ տեղեկացնելով, որ խուլիգանական արարքների կատարման համար մեղադրվող 4 անձից 3-ը կալանավորվել են։
Նշենք, որ ակցիայի մասնակիցների թվում էին նաև «Մարտական եղբայրություն» միաբանության անդամները։
«Նշված օրն Այրում բնակավայրի բնակիչը միջպետական ճանապարհը փակած քաղաքացիներից պահանջել է բացել ճանապարհը և իր վարված «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենայով առաջ ընթացել, սակայն մի խումբ անձինք խոչընդոտել են մեքենայի ընթացքը: Ճանապարհը փակած անձանցից մի խումբ տվյալ հատվածով երթևեկել ցանկացող Այրումի բնակչի ու մյուսների մոտ վախ առաջացնելու նպատակով, համակեցության կանոնների ցուցադրաբար խախտմամբ, հայհոյանքներ և անպարկեշտ արտահայտություններ է հնչեցնել հիշյալ բնակչի և նրա գործողությունները սատարող քաղաքացիների հասցեին»,- հայտնել են ՔԿ-ից։
Քննչական կոմիտեն տեղեկացնում է միջադեպի մասնակիցների ինքնությունը պարզելու մասին։
«Վարույթն իրականացնող մարմնի միջնորդության հիման վրա քրեական հետապնդում է հարուցվել նրանցից 4-ի՝ Ա․ Պ․-ի, Վ․Մ․-ի, Հ․ Ղ․-ի, Ա․ Ա․-ի նկատմամբ»,- հավելել է ՔԿ-ն։ Ա․ Պ-ն՝ Արման Պետրոսյանը, «Մարտական եղբայրության» անդամ է, որը կալանավորվել էր ապրիլի 24-ին։
«Վարույթն իրականացնող մարմնի կողմից տրվել է հանձնարարություն կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու հարցը քննարկելու համար դատարան ներկայացնելու նպատակով ձերբակալել նշված մյուս երեք անձանց։ Ապրիլի 27-ին Վ․Մ․-ն, Հ․Ղ․-ն ձերբակալվել են և նրանց մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից խուլիգանություն, առավելագույն պատիժն ազատազրկում՝ 5 տարի ժամկետով)։ Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրանց նկատմամբ ևս կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, որոնք բավարարվել են»,- ասված է ՔԿ-ի տարածած հաղորդագրության մեջ։
Տավուշի Հաղթանակ բնակավայրի «Վոդխոզ» կոչվող հատվածում տեղի ունեցած միջադեպի դեպքի առթիվ ապրիլի 22-ին «Մարտական եղբայրություն» միաբանության 7 անդամ էր ձերբակալվել։
ՀՀ ԱԳՆ-ն ապրիլի 19-ին հայտարարել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատման գործընթացն սկսել Տավուշի մարզից, ինչից հետո Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները բողոքի ակցիաներ էին սկսել։ Ակցիաների պատճառ էր դարձել նաև վարչապետի աշխատակազմի՝ ավելի ուշ արված հայտարարությունը, ըստ որի սահմանազատումից հետո Զինված ուժերը նշված հատվածների շրջանում իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին։ Ապրիլի 19-ից մեկնարկած ակցիաները հաջորդող օրերին սկսվել են նաև ՀՀ այլ մարզերում։ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում գեոդեզիական չափումների հիման վրա ապրիլի 26-ի դրությամբ 28 սահմանային սյուն է տեղադրվել։