Ապրիլի 30-ին Ազգային ժողովում լրագրող Դավիթ Լևոնյանի և «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանի միջև տեղի ունեցած միջադեպի առնչությամբ Սուքոյանին ձերբակալելու որոշում է կայացվել, հայտարարել են Սուքոյանի փաստաբաններ Էրիկ Ալեքսանյանը և Ալեքսանդր Կոչուբաևը։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանն ապրիլի 30-ին գրել էր, որ Սուքոյանն ԱԺ-ի տարածքում հարվածել է Civic․am-ի լրագրողին։ Hraparak-ը գրել էր, որ պատճառը Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի դեմ արշավն է և լրագրողի կողմից տարածված տեսանյութը, որտեղ նա անդրադարձել է սրբազանին՝ նրան մեղադրելով «ռուսական շահերն սպասարկելու մեջ»։
«Սուքոյանի մասնակցությամբ դեպքի շրջանակներում հենց վերջինիս նախաձեռնությամբ փորձել ենք ինքնակամ ներկայանալ և իրավապահներին ներկայացնել ոչ թե կիսաճշմարտություն, այլ ամբողջական դեպքի մանրամասները: Արդյունքում՝ Երևան քաղաքի գրեթե բոլոր վարչական շրջանների քննչական մարմինները հրաժարվեցին նրա՝ լսելի դառնալու իրավունքի իրացումից»,- մանրամասնել է փաստաբանը։
Նա նշել է, որ լրագրողների նկատմամբ բռնության գործադրմամբ բազմաթիվ դեպքեր կան, բայց որևէ մեկը չի ձերբակալվել, ինչն, ըստ փաստաբանի, ուշագրավ է։
«Ակնհայտ է, որ սույն դեպքը չի վերաբերել լրագրողի կարգավիճակին, իսկ այդ պնդման հիմքը հենց ենթադրյալ տուժողի հրապարակավ հայտարարությունն է: Առկա չէ որևէ առնչություն: Դեպքը եղել է միջանձնային բնույթի վիճաբանություն, որի վերաբերյալ մեր ամբողջական դիրքորոշումն, այդ թվում՝ հրապարակավ, ներկայացվելու է»,- եզրափակել են փաստաբանները։
Ապրիլի 30-ին Քննչական կոմիտեն պատգամավորի օգնականի և լրագրողի հետ կապված միջադեպի առնչությամբ քրեական վարույթ էր հարուցել։ Լևոնյանը տուժող էր ճանաչվել։