Հանրային հեռուտատեսությանը տված հարցազրույցում ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հայտարարել է, որ բողոքի ցույցերի ժամանակ ոստիկանության կողմից բիրտ ուժի կիրառման մասին հաղորդումներ չեն ստացել:
«Այսօրվա դեպքերի հետ կապված, անկախ բոլոր հայտարարություններից, մենք որևէ հաղորդում կամ որևէ տվյալ չենք ստացել, որը մեզ համար հիմք կհանդիսանար ուսումնասիրություն, վարույթ նախաձեռնելու համար»,- նշել է Վարդապետյանը։
Նրա խոսքով՝ պատգամավորի հայտարարությունները վարույթ նախաձեռնելու հիմք չեն։
«Անկախ հանցագործությունների մասին հաղորդումներից, եթե լինում են հրապարակումներ մամուլում, որոնք ուղեկցվում են տեսանյութերով, այդ հաղորդումներն անպայման գլխավոր դատախազությունն ուսումնասիրում և ուղարկում է համապատասխան ստուգողական գործողությունների կամ, եթե բավարար առկա տվյալ կա, միանգամից վարույթ նախաձեռնելու հարցն է լուծում»,- ասել է գլխավոր դատախազը։
Ըստ նրա՝ խոշտանգումների վերաբերյալ բոլոր հայտարարություններն ստուգվում են։
Թմրամիջոցների ապօրինի շրջանառության արձանագրված դեպքերի թիվն աճել է 123․7 տոկոսով, բացահայտման ցուցանիշը նվազել է՝ կազմելով 17․5 տոկոս՝ նախորդ տարվա 37․9 տոկոսի դիմաց։ Աննա Վարդապետյանը դա բացատրում է ներկրվող խոշոր չափի թմրանյութերի խմբաքանակների հետ կապված ոչ բավարար աշխատանքով։
«Այս պահին ոչ միայն Telegram ալիքների միջոցով տարածվող թմրամիջոցների անհատական դեպքերի քննության վրա ենք կենտրոնացել, այլև խոշոր չափի թմրամիջոցների ներկրման դեպքերի, որոնք հնարավոր չէ քննել առանց միջազգային համագործակցության»,- նշել է նա։
Վարդապետյանը հավելել է, որ աշխատում են մաքսային անցակետերում և սահմաններում խոշոր խմբաքանակները ժամանակին բացահայտելու և շրջանառությունից դուրս բերելու ուղղությամբ։
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը Տավուշում և հանրապետության այլ վայրերում ակցիաների հետ կապված արձանագրել էր, որ դրանց ժամանակ ոստիկանության ծառայողների կողմից անձանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում կիրառված ֆիզիկական ուժը եղել է առերևույթ անհամաչափ։ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն անթույլատրելի էր համարել որևէ պարագայում ոստիկանության ծառայողի կողմից անհամաչափ ուժի կիրառումը։