ՀՀ սահմանի փոփոխության հարցով վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ փաստաբան Արա Զոհրաբյանի կողմից ներկայացված հանցագործության մասին հաղորդումը դատախազությունն Ազգային անվտանգության ծառայություն է ուղարկել, հայտարարել է գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։
Զոհրաբյանը հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել ապրիլի 27-ին։
«Հայաստանում տարածքի փոփոխության հարցը կարող է լուծվել միայն հանրաքվեով: Փաշինյանի կողմից հանձնվող տարածքները Հայաստանի տարածքներն են, դրանց նկատմամբ Հայաստանի կադաստրն իրավունքների գրանցումներ է կատարել: Ալմա-Աթայի հռչակագրի սկզբունքները չեն բացառում տարածքային վեճերը։ ԽՍՀՄ վարչական սահմանները չեն կարող լինել պետական սահմաններ»,- մասնավորապես հայտարարել էր Զոհրաբյանը։
Դատախազը նշել է, որ հաղորդման մեջ կան փաստաթղթեր, սեփականության վկայականների պատճեններ։
«Այդ փաստաթղթերի իսկությունը ստուգելու համար մենք հաղորդումն ուղարկել ենք ԱԱԾ։ Խնդրել ենք, որ օպերատիվ և պատշաճ ստուգումների արդյունքներով մեզ ներկայացնեն փաստաթղթերը։ Ըստ այդմ՝ կքննարկենք վարույթ նախաձեռնել, չնախաձեռնելու հարցը»,- նշել է Վարդապետյանը։
ՀՀ ԱԳՆ-ն ապրիլի 19-ին հայտարարել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատման գործընթացն սկսել Տավուշի մարզից, ինչից հետո Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները բողոքի ակցիաներ էին սկսել։ Ակցիաների պատճառ էր դարձել նաև վարչապետի աշխատակազմի՝ ավելի ուշ արված հայտարարությունը, ըստ որի սահմանազատումից հետո Զինված ուժերը նշված հատվածների շրջանում իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին։ Ապրիլի 19-ից մեկնարկած ակցիաները հաջորդող օրերին սկսվել են նաև ՀՀ այլ մարզերում։ Մայիսի 3-ի դրությամբ Տավուշի մարզի Կիրանց բնակավայր տանող ճանապարհը ոստիկանական ուժերը շարունակում են փակ պահել։