Մարտի 1-ի գործով լրացուցիչ փամփուշտներ են ներկայացվել փորձաքննության, ԱԺ-ում 2023 թվականի հաշվետվությունը ներկայացնելիս ասաց ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ նորություն կա մարտի 1-ի գործում։
«Մինչ օրս դեռևս քաղաքացիների մոտ փամփուշտներ են պահպանվել, որոնք համեմատական փորձաքննության են ենթարկվում։ Սրանք նոր երևան եկած հանգամանքներ չեն, բայց գալիս են լրացնելու արդեն եղածները»,- ասաց դատախազը։
Նա նշեց, որ մարտի 1-ի գործով դատապարտված ցուցարարների հետ կապված ընթացակարգ կա։ Ընդդիմադիր գործիչ Գրիշա Վիրաբյանի և այլոց գործերով Եվրոպական դատարանի վճռի հիման վրա Վերաքննիչ դատարանը վերանայում է դատական ակտերը։
«2023 թվականի ընթացքում նախկինում մարտի 1-ի համար դատապարտված 16 անձի վերաբերյալ արդարացման ակտ է կայացվել։ Խոսքը վերաբերվում է ցուցարարներին, ոչ թե պաշտոնատար անձանց։ Գործը գտնվում է մասամբ նախաքննության փուլում, նախաքննությունն այս մասով շարունակվում է։ Հարցին, թե արդյոք վաղեմության ժամկետներ չեն կիրառվի, պատասխանել եմ, որ, այո՛, կկիրառվեն նույնիսկ վերաորակման դեպքում, բայց ոչ ռեաբիլիտացիոն հիմքով վարույթը կկարճվի, ինչն իրավական հետևանքներ է առաջացնում»,- ասաց դատախազը։
Վարդապետյանը նշեց, որ չնայած մարտի 1-ի գործը շատ ծավալուն է, դրա վրա քննչական խումբ նախկինում չի աշխատել, սակայն այժմ շատ կարճ ժամանակահատվածում ձևավորվել է քննչական խումբ, որն սկսել է ավելի ինտենսիվ զբաղվել վարույթով։
«Վարույթից առանձնացվել է մաս, որն ուղարկվել է քննչական, այն վերաբերում է քննչական խմբի քննիչներից մեկին՝ Արմեն Հակոբյանին, որի վերաբերյալ գործը գտնվում է դատարանում։ Ինչո՞ւ այլ պաշտոնատար անձանց մասով, ում գիտեք, վաղեմության ժամկետների հետ կապված որոշումներ են կայացվել, իսկ այս անձի մասին որոշում չի կայացվել, որովհետև այս անձը չի համաձայնվել, և քրեական օրենսգրքի համաձայն՝ գործը պետք է ուղղվի դատարան»,- ասաց դատախազը։
Մանրամասները՝ տեսանյութում։