Լրագրող, 1in.am կայքի հաղորդավար Գոհար Հայրապետյանը մայիսի 6-ին հայտարարել է, որ բլոգեր Միքայել Բադալյանը ծեծի է ենթարկել իր գործընկեր, լրագրող Ժիրայր Ոսկանյանին, ավելի ուշ փաստաբաններ Էրիկ Ալեքսանյանը և Ալեքսանդր Կոչուբաևը հայտնել են, որ Բադալյանը բռնություն չի գործադրել։
«Բադալյանը մի խումբ տղամարդկանց հետ Թումանյան փողոցում հարձակվել է իմ գործընկերոջ վրա: Մի քանի հոգով ծեծի են ենթարկել, սեռական բնույթի հայհոյանքներ տվել, գողացել հեռախոսը: Այդ ամենը տեղի է ունեցել պարեկների ներկայությամբ»,- գրել է Հայրապետյանը։
Ըստ Բադալյանի փաստաբանների՝ նշվածը հերքող ապացույցներ կան։
«Կան անժխտելի ապացույցներ, որ Բադալյանը բռնություն չի գործադրել։ Բադալյանը չի՛ խուսափում քննությունից և քննիչի յուրաքանչյուր կանչով պատրաստակամ է ներկայանալ վերջինիս մոտ»,- հավելել են փաստաբանները։
Միջադեպի առնչությամբ ՆԳՆ հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից Armenia Today-ին հայտնել են, որ մայիսի 5-ին՝ ժամը 23.26-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգել Երևանի 35-ամյա մի բնակիչ և հայտնել, որ ժամը 23։00-ի սահմաններում Թումանյան փողոցի ակումբում անհայտ անձիք մոտեցել են իրեն և անհարգալից վերաբերմունք ցույց տվել: Նաև, ըստ ՆԳՆ-ի, հայտնել է, որ իր կյանքին վտանգ է սպառնում:
«Ահազանգով դեպքի վայր են մեկնել պարեկային ծառայողներ և ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը»,- հավելել են ՆԳՆ-ից։
Նշել են, որ 35-ամյա «երիտասարդը ոստիկաններին հայտնել է, որ մի տղամարդ և նրա սեղանակիցները վիճաբանել են իր հետ, որի ընթացքում վերոհիշյալ տղամարդն անհարգալից վերաբերմունք է ցույց տվել, վերցրել է իր բջջային հեռախոսը, քաշքշել է իրեն՝ պատճառելով ֆիզիկական ցավ, իսկ որոշ ժամանակ անց վերադարձրել է հեռախոսը»։
35-ամյա երիտասարդը, ՆԳՆ-ի փոխանցմամբ, հրաժարվել է հաղորդում տալ: ՆԳՆ-ից հայտնել են նաև, որ ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում կատարվում է ծառայողական քննություն՝ կապված այն տեղեկության հետ, թե դեպքը տեղի է ունեցել «պարեկների աչքի առջև»՝ «անպատժելիության մթնոլորտում»։
«Նշված դեպքի հետ կապված որոշ շրջանակներ և ԶԼՄ-ներ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ են հրապարակել «անպատժելիության մթնոլորտի» վերաբերյալ։ Հարկ է նշել, որ ոստիկանության ծառայողներն արագ հասել են դեպքի վայր, կասեցրել են հետագա զարգացումները, ինչպես նաև, թեև 35-ամյա տղամարդը հրաժարվել է մոտենալ ոստիկանության բաժին և հաղորդում տալ, այնուհանդերձ, ոստիկանությունն իր իրավասության շրջանակներում ձեռնարկել է միջոցառումներ և կազմված փաստաթղթերն ուղարկել Քննչական կոմիտե։ Դեպքի հանգամանքները պարզվում են, կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին»,- փոխանել են ՆԳՆ-ից։