Բլոգեր Միքայել Բադալյանի և 1in.am կայքի լրագրող Ժիրայր Ոսկանյանի միջև մայիսի 5-ին տեղի ունեցած միջադեպի առթիվ Քննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել, հայտնել են ՔԿ-ից և հավելել, որ վարույթը նախաձեռնվել է Երևանի ակումբներից մեկում առերևույթ խմբակային խուլիգանության և ինքնիրավչության դեպքի հանգամանքները պարզելու համար։
«Մայիսի 5-ին ոստիկանություն հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ երեկոյան, Երևանի Թումանյան փողոցում գործող ակումբներից մեկում Մ․Բ․-ն և նրա սեղանակիցները վիճաբանել են լրագրող Ժիրայր Ոսկանյանի հետ, ձեռքերով անհարգալից ժեստ ցույց տվել, վերցրել հեռախոսը, որը որոշ ժամանակ անց վերադարձրել են, ինչպես նաև քաշքշել են նրան՝ պատճառելով ֆիզիկական ցավ»,- մանրամասնել են ՔԿ-ից։
Հայտնել են, որ Ոսկանյանը ճանաչվել է տուժող, իսկ քրվարույթը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի (խմբի կազմում խուլիգանությունը, առավելագույն պատիժն ազատազրկում՝ 5 տարի ժամկետով) և 460-րդ հոդվածի 1-ին մասի (ինքնիրավչությունը, առավելագույն պատիժն ազատազրկում՝ 1 տարի ժամկետով) հատկանիշներով։
Լրագրող, 1in.am կայքի հաղորդավար Գոհար Հայրապետյանը մայիսի 6-ին հայտարարել էր, որ բլոգեր Բադալյանը ոստիկանների աչքի առաջ ծեծի է ենթարկել իր գործընկեր Ոսկանյանին, ավելի ուշ Բադալյանի փաստաբաններ Էրիկ Ալեքսանյանը և Ալեքսանդր Կոչուբաևը հայտնել էին, որ իրենց պաշտպանյալը բռնություն չի գործադրել։ Միջադեպի առնչությամբ ՆԳՆ հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից Armenia Today-ին հայտնել էին դեպքի մանրամասները՝ տեղեկացնելով նաև, որ ՆԳՆ-ում կատարվում է ծառայողական քննություն՝ կապված այն տեղեկության հետ, թե դեպքը տեղի է ունեցել «անպատժելիության մթնոլորտում»։