Քննչական կոմիտեն մանրամասներ է հայտնել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանի և ուղևորի՝ հանրային տրանսպորտում բախման մասին։ Սամվել Վարդանյանը ենթարկվել է տնային կալանքի՝ 7 մլն դրամ գրավով համակցմամբ։
Ապրիլի 15-ին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը տեսանյութ էր հրապարակել, որտեղ Վարդանյանը ՔՊ պատգամավոր Հակոբ Ասլանյանին «հակահայ վիժվածք» էր անվանել և հայտարարել, որ իշխանությունները «հանձնում են հայրենիքը»։ Սիմոնյանը միջադեպը «խուլիգանական արարք» էր որակել։ Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն ավելի ուշ հայտնել էր Վարդանյանի ձերբակալության մասին։
Նախաձեռնվել է նոր քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, որը միացվել է վերոհիշյալ՝ խուլիգանության դեպքի առթիվ քննվող քրեական վարույթին։ Ս.Վ.-ին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանություն, առավելագույն պատիժն ազատազրկում՝ մինչև 2 տարի ժամկետով) և 329-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (Ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը, պատժվում է ազատազրկմամբ՝ մինչև 4 տարի ժամկետով):
Ըստ ՔԿ-ի՝ խուլիգանության համար մեղադրվող Երևան քաղաքի հիշյալ բնակիչը, հասարակական տրանսպորտում թույլ տալով հակահասարակական վարքագիծ, կոպտորեն խախտելով հասարակական կարգը, վիրավորական արտահայտություններ է հնչեցրել երկրի ղեկավարության և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հասցեին՝ հրահրելով ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն և թշնամանք:
Գերատեսչությունից հայտնում են, որ ստեղծված իրավիճակի պատճառով երթուղային ավտոբուսի վարորդը ստիպված դադարեցրել է երթևեկությունը և պահանջել, որպեսզի վիճաբանողները դուրս գան երթուղայինից:
Քննությունը պնդում է, որ 2023 թվականի ապրիլին Ալսանյանին հայհոյած քաղաքացին Facebook սոցիալական ցանցի ուղիղ եթերում պատմել է Ալսանյանի հետ իր հանդիպման և նրան հայհոյելու պատմությունը։
«Փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ դեռևս 2023թ. ապրիլին Ս.Վ.-ն, համացանցի տարբեր հարթակներում ուղիղ եթերով հեռարձակված հաղորդման ժամանակ, պատմել է, որ մի օր պատահաբար հանդիպել է ՀՀ ԱԺ պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Հ. Ասլանյանին, ում նկատմամբ վիրավորական արտահայտություններ է հնչեցրել, որից հետո իրենց միջև սկսվել է խոսակցություն: Այնուհետև, երբ Հ. Ասլանյանը բարձրացել է երթուղային ավտոբուս, ինքը երթուղային ավտոբուսի մեջ գտնվող անձանց բարձրաձայն ասել է, որ նշված անձը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Հ. Ասլանյանն է՝ քաղաքական հայացքներով պայմանավորված թիրախավորելով վերջինիս»,- հայտնում է կոմիտեն:
Քննչական կոմիտեն ապրիլի 16-ին խուլիգանության հատկանիշներով քրվարույթ էր հարուցել ՔՕ 297-րդ հոդվածի 1-ին մասով, որով նախատեսված առավելագույն պատիժը 2 տարի ժամկետով ազատազրկումն է։ Փաստաբան Վարազդատ Հարությունյանն ավելի ուշ մանրամասներ էր հայտնել ձերբակալությունից հետո Վարդանյանին դաժան ծեծի ենթարկելու մասին: