«Կամք» նախաձեռնության հիմնադիր Վահագն Չախալյանը, որին ու ևս 4 անձի ոստիկանները ձերբակալել էին մայիսի 16-ին կառավարության մոտ տեղի ունեցած ակցիայի ժամանակ, ազատ է արձակվել, սակայն նրա նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց է կիրառվել, հայտնել է Չախալյանի փաստաբան Վահան Հովհաննիսյանը։
«Քննիչի միջնորդությունը մասնակի բավարարվեց։ Որոշումը բողոքարկվելու է ՀՀ վերաքննիչ քրեական դատարան»,- գրել է փաստաբանը։
ՔԿ-ից ավելի ուշ մանրամասնել են, որ Չախալյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը՝ 2 ամիս ժամկետով։ ՔԿ-ից հայտնել են նաև, որ ձերբակալված մյուս 4 անձինք ազատ են արձակվել արգելանքից՝ դրա անհրաժեշտությունը վերանալու հիմքով։
Մայիսի 16-ին Չախալյանին և կառավարության շենքի մոտ տեղի ունեցած ակցիայի 4 մասնակցի Քննչական կոմիտեն մեղադրանք էր առաջադրել ՔՕ 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով (մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելը, որը պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով)։ Ըստ ՔԿ-ի` Չախալյանը, չհամաձայնելով բողոքի ակցիան տվյալ տարածքում անցկացնելու վերաբերյալ քաղաքացիներից մեկի արտահայտած տեսակետին, վիճաբանել էր վերջինիս հետ, ապա ևս մի քանի անձանց հետ սկսել էր քաշքշել քաղաքացուն և հայհոյանքներ ու անպարկեշտ արտահայտություններ հնչեցրել նրա հասցեին։ Վեճը դադարել էր ոստիկանության ծառայողների միջամտության արդյունքում։