Միջազգային քրեական դատարանի դատավորները կքննարկեն Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի առաջնորդների դեմ հայց ներկայացնելու հարցը, որոնք մեղադրվում են պատերազմի սովորույթները խախտելու մեջ։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հիշեցրել է, որ դատարանն ստեղծվել է Հոլոքոստից հետո, և հայցերը կդառնան «պատմական չափերի կամայականություն»։
Միջազգային քրեական դատարանը պահանջում է ձերբակալել ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Յահյա Սինվարին և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին ռազմական հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների մեղադրանքով, CNN-ի եթերում հայտարարել է դատարանի գլխավոր դատախազ Քարիմ Խանը։
Որոշումը կկայացնի ՄՔԴ դատավորների կոլեգիան։ Ձերբակալման օրդեր են պահանջվել նաև Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտի և ՀԱՄԱՍ-ի երկու բարձրաստիճան առաջնորդների՝ ալ-Քասամ բրիգադների առաջնորդ Մուհամեդ Դիաբ Իբրահիմ ալ-Մասրիի և խմբավորման քաղաքական առաջնորդ Իսմայիլ Հանիեի դեմ:
Պաղեստինցի զինյալների առաջնորդների դեմ մեղադրանքները ներառում են «բնաջնջում, սպանություն, պատանդառություն, բռնաբարություն և սեռական ոտնձգություն»:
«Աշխարհը ցնցված էր հոկտեմբերի 7-ին, երբ Իսրայելում մարդկանց դուրս հանեցին իրենց ննջասենյակներից, տներից, տարբեր կառույցներից»,- բացատրել է դատախազը:
Իսրայելի քաղաքական գործիչների դեմ ուղղված պահանջները ներառում են «ոչնչացման և սովի օգտագործումը որպես պատերազմի մեթոդ՝ ներառյալ մարդասիրական օգնության մատակարարումների մերժումը և խաղաղ բնակչության վրա կանխամտածված հարձակումները»:
Սա առաջին դեպքն է, երբ ԱՄՆ-ի մերձավոր դաշնակցի առաջնորդը հայտնվել է ՄՔԴ-ի թիրախում, նշում է CNN-ը։
Այնուամենայնիվ, և՛ Իսրայելը, և՛ մասամբ ճանաչված Պաղեստինը չեն վավերացրել Հռոմի կանոնադրությունը՝ ՄՔԴ հիմնադիր փաստաթուղթը։
«Նյու Յորք Թայմս»-ը մեկ ամիս առաջ գրել էր Նեթանյահուի նկատմամբ ՄՔԴ-ի կողմից հնարավոր ձերբակալության օրդեր տալու մասին։ Ըստ թերթի աղբյուրների՝ Իսրայելի վարչապետը խիստ անհանգստացած է Հաագայի գործին ներգրավվելու հեռանկարից և բազմաթիվ հեռախոսազրույցներ է ունեցել ՄՔԴ-ի ծրագրերը փոխելու համար, այդ թվում՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ։ Հրատարակության զրուցակիցներից մեկն ասել է, որ իրավիճակն արդեն ազդել է Իսրայելի որոշումների կայացման վրա։
Այնուհետև Նեթանյահուն հրապարակայնորեն նախազգուշացրել է, որ օրդերների տրամադրումն «անջնջելի հետք» կթողնի ՄՔԴ-ի վրա: Նա հիշեցրել է, որ կազմակերպությունն «ստեղծվել է Հոլոքոստի արդյունքում» և չպետք է փորձի «խաթարել» Իսրայելի ինքնապաշտպանության հիմնարար իրավունքը։ Նրա կարծիքով՝ հրամանները կդառնան «պատմական չափերի կամայականություն»։
ՀԱՄԱՍ-ի կողմից վերահսկվող Գազայի առողջապահության նախարարության տվյալներով՝ պատերազմի ընթացքում զոհվել է 35 հազար պաղեստինցի։ Իսրայելի կորուստները կազմել են մոտ 1,2 հազար։