Իրավապահները ձերբակալել են Արցախի Ասկերան քաղաքի քաղաքապետ Հայկ Շամիրյանին, հայտնել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։ Մելիքյանը մանրամասնել է, որ Շամիրյանին ձերբակալել են իր բնակարանում խուզարկությունից հետո։
Փաստաբանը ձերբակալությունն «ակնհայտ քաղաքական պատվեր» է անվանել, քանի որ իշխանությունները հետապնդում են նրանց, ովքեր շփվել են «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ։
«Ձերբակալել են, մեղմ ասած, անհասկանալի գործով՝ ասելով՝ դուք ինչ իրավունք ունեք որոշում կայացնելու և այլն։ Ակնհայտորեն քաղաքական պատճառներով։ Բագրատ սրբազանի հետ ով շփվում է՝ միանգամից կամ աշխատանքից են հեռացնում կամ այլ ռեպրեսիաներ են կիրառում»,- նշել է Մելիքյանը։
Նա ավելացրել է, որ Շամիրյանի բնակարանի խուզարկության ժամանակ մոտ 80 տարեկան տատիկ-պապիկին տնից հանել են և ստիպել դրսում մնալ։
«Ցեղասպանություն տեսած մարդիկ, որոնք կորցրել են ամեն ինչ, ի՞նչ ֆինանսական հարց պետք է լինի։ Գնալու եմ դատարան ու նորից եմ նայելու այդ մարդկանց աչքերին»,- ասել է նա՝ ավելացնելով, որ սպասում է դատարանի որոշմանը։
Մայիսի 15-ին աշխատանքից ազատվել էր Յոլյան արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի տնօրեն, բ. գ. թ. դոցենտ Սամվել Դանիելյանը։
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոսը հայտնել էր, որ Դանիելյանին օրենքով նախատեսված ժամանակից շուտ են հեռացրել քայլերթի ընթացքում՝ Դիլիջանում, իր հետ ողջագուրվելու պատճառով։