ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանի գործով հրթիռների ստուգման գործընթացի ավարտին փաստաթղթերով արձանագրվել է, որ հրթիռները, որոնց անսարքության համար նա կալանավորվել է, իդեալական վիճակում են եղել, հայտնել է «Ժողովուրդ»-ը՝ հղում անելով իր աղբյուրին։
Ըստ թերթի՝ Տոնոյանի գործը մտել է միջնորդությունների փուլ։ Նշվում է, որ նրան ԱԱԾ մեկուսարանից տարել են «էրեբունի» օդանավակայան, որտեղ տեղակայված են հրթիռները:
Տոնոյանը 2018 թվականի մայիսից մինչև 2020 թվականի նոյեմբերի 20-ն զբաղեցրել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը: Պաշտպանության նախկին նախարարին ձերբակալել էին 2021 թվականի սեպտեմբերին: ԱԱԾ-ում քննվող քրեական գործ էր հարուցվել ռազմամթերքի ձեռքբերման գործընթացում ենթադրյալ չարաշահումներին, մասնավորապես՝ անորակ, անպիտան հրթիռներ ձեռք բերելու վերաբերյալ՝ 2 մլրդ 277 մլն 323 հազ․ 840 դրամ գումար հափշտակելու, կեղծիքներ, հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու համար։ Քրեական գործի շրջանակներում, ընդհանուր առմամբ, մեղադրանք էր առաջադրվել 7 անձի։
Տոնոյանն օգոստոսի 1-ին և 2-ին մասնակցել էր 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստին, որտեղ նշել էր, որ կալանավորված է պատերազմի արդյունքների համար, ոչ այն բանի, ինչ ձևակերպված է: