Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանի նկատմամբ դատարանը որպես խափանման միջոց կիրառել է տնային կալանքը, հայտնել է փաստաբան Վահե Եփրիկյանը։
Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը տեղեկացրել է, որ Շամիրյանին «մեղադրում են Արցախի Հանրապետությանը գույքային վնաս պատճառելու մեջ»:
«Խոսքն Ասկերանի համայնքապետարանի հաշվեկշռում գրանցված 5 միլիոն 200 հազար դրամ արժողությամբ մեքենայի մասին է, որով Ասկերանի քաղաքապետը հանձնվող Արցախից դուրս է բերել ու Հայաստան հասցրել իր ու ևս 3 ընտանիքի»,- հայտնել է Հայրապետյանը։
Մայիսի 23-ին իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հայտնել էր, որ Շամիրյանի տանն իրականացրած խուզարկությունից հետո իրավապահները ձերբակալել են նրան։ Իրավապաշտպանը նշել էր, որ Շամիրյանին ձերբակալել են Ասկերան համայնքի գույքի իրավունքի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում։ Մելիքյանը, սակայն, հայտարարել էր, որ Շամիրյանը հետապնդման է ենթարկվում սահմանազատման գործընթացի դեմ ձևավորված «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը գլխավորող, Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ հանդիպելու համար։