Ապրիլի 20-ից Տավուշի մարզում և Հայաստանի այլ բնակավայրերում սահմանազատման դեմ իրականացվող բողոքի ակցիաների մասնակիցների առնչությամբ Քննչական կոմիտեն 30 քրեական վարույթ է նախաձեռնել, քրեական հետապնդում է հարուցել 25 անձի նկատմամբ, հայտնել են ՔԿ-ից։
25 անձանցից 12 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ ՔՕ 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (խմբի կազմում խուլիգանություն կատարելը, առավելագույն պատիժն ազատազրկում՝ 5 տարի ժամկետով)։ 2 անձի նկատմամբ քրվարույթ է նախաձեռնվել 297-րդ հոդվածի 3-րդ մասով (զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված, կամ հարմարեցված առարկայի, կամ միջոցի գործադրմամբ, կամ դրա գործադրման սպառնալիքով կատարված խուլիգանությունը, առավելագույն պատիժն ազատազրկում՝ 8 տարի ժամկետով)։
2 անձի նկատմամբ քրվարույթ է նախաձեռնվել 452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը բռնության գործադրմամբ միջամտելը, առավելագույն պատիժն ազատազրկում՝ 5 տարի ժամկետով)։ 2 անձի նկատմամբ նախաձեռնված վարույթը 330-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով է (զանգվածային լրատվության միջոցների կամ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը, առավելագույն պատիժն ազատազրկում՝ 3 տարի ժամկետով)։
ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով քրվարույթ է նախաձեռնվել 2 անձի նկատմամբ (հավաքին մասնակցելուն հարկադրելն անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի նկատմամբ բռնություն գործադրելու, գույքը ոչնչացնելու, վնասելու կամ վերցնելու սպառնալիքով կամ շանտաժի միջոցով, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը, առավելագույն պատիժն ազատազրկում՝ 3 տարի ժամկետով)։ 1 անձի նկատմամբ քրվարույթ է նախաձենռվել 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը, առավելագույն պատիժն ազատազրկում՝ 2 տարի ժամկետով)։
Մեկ անձի նկատմամբ նախաձեռնված քրվարույթը 297-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով է (խուլիգանություն, որը կատարվել է տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով, առավելագույն պատիժն ազատազրկում՝ 5 տարի ժամկետով),
«1 անձի նկատմամբ նախաձեռնվել է քրվարույթ՝ ՔՕ 329-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործությունների, զանգվածային լրատվության միջոցների կամ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը, առավելագույն պատիժն ազատազրկում՝ 4 տարի ժամկետով)։ 1 անձի նկատմամբ էլ հարուցվել է քրվարույթ՝ 334-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով քաղաքացիական ողորկափող հրազեն, գազային, օդաճնշիչ, սառը կամ նետողական զենք կրելը, առավելագույն պատիժն ազատազրկում՝ 2 տարի ժամկետով)»,- հայտնել են ՔԿ-ից։
ՔԿ-ից հավելել են, որ 1 անձի նկատմամբ էլ նախաձեռնել են քրվարույթ՝ 43-419-րդ հոդվածի 1-ին մասով (իշխանությունը յուրացնելու փորձ, առավելագույն պատիժն ազատազրկում՝ 15 տարի ժամկետով)։
«Հանրային քրեական հետապնդման ենթարկվող անձանցից 10-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, 4-ի նկատմամբ՝ տնային կալանքը, 7 անձի նկատմամբ՝ բացակայելու արգելքը, 1–ի նկատմամբ՝ դաստիարակչական հսկողությունը։ 2 անձի վերաբերյալ կայացվել է ձերբակալման որոշում և հանձնարարվել է նրանց ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին»,- եզրափակել են ՔԿ-ում։
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները բողոքի ակցիաներ էին սկսել ՀՀ ԱԳՆ-ի՝ ապրիլի 19-ին հայտարարությունից հետո, որով Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատման գործընթացն սկսել Տավուշից։ Բնակիչները հայտարարել էին, որ դեմ են Հայաստանի զիջումներին։