Քննչական կոմիտեն հայտնել է Գեղարքունիքի մարզի բնակչի ձերբակալության մասին և հրապարակել ձայնագրություն, որտեղ, ըստ ՔԿ-ի, տվյալ անձը նյութապես շահագրգռելու միջոցով փորձում է այլ անձանց մասնակից դարձնել մայիսի 26-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հրավիրած հանրահավաքին։
«Հրապարակված ձայնագրության հեռախոսազրույցները տեղի են ունեցել 2024թ․ մայիսի 22-23-ն ընկած ժամանակահատվածում՝ ինքնությունները պարզված երկու անձի միջև, որի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել Վարդենիսի տարածաշրջանի 15-20 բնակչի նյութապես շահագրգռելու եղանակով, 2024թ․ մայիսի 26-ին Երևան տեղափոխելու, Հանրապետության հրապարակում կայանալիք հանրահավաքին մասնակից դարձնելու, նրանց կեցության և սննդի հարցերը հոգալու, ինչպես նաև նրանց տրամադրվելիք գումարների չափերի վերաբերյալ»,- ասվում է ՔԿ-ի տարածած հաղորդագրության մեջ:
Նշվում է նաև, որ հանցանք կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով նշված անձանցից մեկը ձերբակալվել է։
Ըստ ՔԿ-ի՝ վարույթը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (օրինական կամ անօրինական հավաքին մասնակցելուն հարկադրելը, պատժվում է տուգանքով, ազատության սահմանափակմամբ կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով):
Գերատեսչությունն իրականացնում է նախաքննություն՝ հանգամանքները պարզելու, դեպքին առնչություն ունեցող բոլոր անձանց ի հայտ բերելու, վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու և նրանց արարքներին իրավական գնահատական տալու ուղղությամբ։