Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը և ևս երեք անձ խարդախության և փաստաթղթեր կեղծելու մեղադրանքով ձերբակալվել են, հայտնել է Քննչական կոմիտեն։
«Փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Դ.Ս.-ն, Ս. Բ.-ի օժանդակությամբ, Ս.Ղ.-ի և Գ.Պ.-ի հետ նախնական համաձայնությամբ, խմբի կազմում կատարել է առանձնապես խոշոր չափերով խարդախություն, ինչպես նաև պատրաստել է իրավունք վերապահող կեղծ փաստաթղթեր և Ս.Ղ.-ի ու Գ.Պ.-ի հետ խմբի կազմում օգտագործել դրանք»,- ասված է հաղորդագրության մեջ։
Ըստ ՔԿ-ի՝ Դ.Ս.-ն, խաբեության եղանակով՝ կոնկրետ փաստերը ձևախեղելով, իրականում գոյություն չունեցող կեղծ տվյալներ հաղորդելով, դիտավորությամբ խեղաթյուրելով իրականությունը, 2024թ. փետրվարի տարբեր օրերին կայացրել է 4 ավտոմեքենա օտարելու վերաբերյալ կեղծ որոշում և Ս.Ղ.-ին ու Գ.Պ.-ին տրամադրել դրանք օտարելու գործարքներ կատարելու վերաբերյալ կեղծ լիազորագրեր։
«Ս.Բ.-ն, օժանդակելով վերոնշյալ անձանց, Ս.Ղ.-ին և Գ.Պ.-ին տրամադրել է նրանց կողմից վերոնշյալ 4 ավտոմեքենաներն օտարելու գործընթացի համար անհրաժեշտ՝ գույքահարկի մասով պարտավորություններ չլինելու վերաբերյալ համապատասխան տեղեկանքներ։ Ս.Ղ.-ն և Գ.Պ.-ն կեղծ տվյալներով փաստաթղթերը ներկայացրել են իրավասու պետական մարմնին, դրանց հիման վրա կատարվել են այլ անձանց նվիրաբերությամբ օտարման գործարքներ և իրավունքի պետական գրանցումներ»,- նշում են ՔԿ-ից։
Ըստ հաղորդագրության՝ Դ.Ս.-ն, Ս.Ղ.-ն և Գ.Պ.-ն, Ս.Բ.-ի օժանդակությամբ, առերևույթ հափշտակել են այլ անձի (անձանց) պատկանող առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 19.100.000 ՀՀ դրամ արժողությամբ գույքեր՝ «TOYOTA HILUX 2.7», «VAZ 21214», «UAZ 390945-552» մակնիշի և «VAZ 212140» մակնիշի ավտոմեքենաներ:
«Ձեռք բերված տվյալների հիման վրա Դ.Ս.-ի, Ս.Ղ.-ի և Գ.Պ.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և 457-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ Ս.Բ.-ի նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 46-255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով: Նշված 4 անձանց ձերբակալելու որոշում է կայացվել: Նախաքննությունը շարունակվում է։ Քննություն է կատարվում՝ ինչպես նշված, այնպես էլ՝ այլ գույքերի հնարավոր օտարման հանգամանքները պարզելու ուղղությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ:
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը հայտնել էր, որ իրավապահները խուզարկում են Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի տունը։