Դատարանը 2 ամիս ժամկետով կալանք է կիրառել հասարակական հիմունքներով աշխատող Մարտակերտի քաղաքապետ Միշա Գյուրջյանի նկատմամբ, հայտնել է փաստաբան Արսեն Բաբայանը։
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը մայիսի 25-ին հայտնել էր Գյուրջյանին բերման ենթարկելու մասին։
Քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել՝ հայտնելով, որ Գյուրջյանը կալանավորվել է առերևույթ փաստաթղթերի կեղծմամբ, խարդախությամբ խոշոր չափերով հափշտակություն կատարելու մեղադրանքով։ Նրան մեղադրանք էր ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից կատարված խոշոր չափերի խարդախությունը, պատժվում է առավելագույնը հինգ տարի ժամկետով ազատազրկմամբ), 457-րդ հոդվածի 2-րդ մասով (փաստաթղթեր կեղծելը, պատժվում է առավելագույնը 3 տարի ազատազրկմամբ)։
Մայիսի 25-ին ՔԿ-ն հայտնել էր Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի ձերբակալության մասին։ Ըստ ՔԿ-ի՝ Սարգսյանը խաբեության եղանակով՝ դիտավորությամբ խեղաթյուրելով իրականությունը, 2024թ. փետրվարի տարբեր օրերին կայացրել է 4 ավտոմեքենա օտարելու վերաբերյալ կեղծ որոշումներ։
Մայիսի 23-ին իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հայտնել էր Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանի ձերբակալության մասին։ Նա նշել էր, որ Շամիրյանին ձերբակալել են Ասկերան համայնքի գույքի իրավունքի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում։ Մելիքյանը, սակայն, հայտարարել էր, որ Շամիրյանը հետապնդման է ենթարկվում սահմանազատման գործընթացի դեմ ձևավորված «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը գլխավորող, Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ հանդիպելու համար։