Դատարանը 20 օրով կալանավորել է Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանին, հայտնել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։
Քննչական կոմիտեն տեղեկացրել է, որ հանրային քրեական հետապնդում է հարուցվել 4 անձի, այդ թվում՝ Սարգսյանի նկատմամբ։
Սարգսյանիին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով խարդախություն, առավելագույն պատիժն ազատազրկում՝ 8 տարով) և 457-րդ հոդվածի 2-րդ մասով (մի խումբ անձանց կողմից փաստաթղթեր, որոշումներ կեղծել, կեղծ փաստաթղթեր պատրաստել կամ օգտագործել, առավելագույն պատիժն ազատազրկում՝ 3 տարով)։
Ըստ ՔԿ-ի՝ Սարգսյանը 2024թ. փետրվարի տարբեր օրերին կայացրել է այլ անձանց պատկանող 4 ավտոմեքենայի օտարելու վերաբերյալ «կեղծ որոշումներ և գործով անցնող 2 անձի՝ Ս.Ղ.-ին ու Գ.Պ.-ին տրամադրել դրանք օտարելու կեղծ լիազորագրեր»։ Գործով անցնող մյուս անձը՝ Ս.Բ.-ն, ՔԿ-ի տվյալներով, օժանդակել է գործարքն իրականացնելու հարցում և տրամադրել համապատասխան տեղեկանքներ։
«Արդյունքում՝ Դ.Ս.-ն, Ս.Ղ.-ն և Գ.Պ.-ն, Ս.Բ.-ի օժանդակությամբ, առերևույթ հափշտակել են այլ անձի (անձանց) պատկանող առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 19.100.000 ՀՀ դրամ արժողությամբ «TOYOTA HILUX 2.7», «VAZ 21214», «UAZ 390945-552» մակնիշի և «VAZ 212140» մակնիշի ավտոմեքենաներ»,- տեղեկացրել են ՔԿ-ից։
Մյուս երեք անձի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը։
Մայիսի 25-ին Մելիքյանը հայտնել էր իրավապահների կողմից Ստեփանակերտի քաղաքապետի տունը խուզարկելու մասին։ Ավելի ուշ ՔԿ-ն հայտնել էր նրա և գործով անցնող 3 անձի ձերբակալության մասին։