Քննչական կոմիտեն զինծառայող Արարատ Արոյանի մահվան դեպքի առնչությամբ քրեական վարույթ է նախաձեռնել ու հայտնել, որ դեպքը տեղի է ունեցել զորավարժարանում, տեղեկանում ենք ՔԿ հաղորդագրությունից։
«Մայիսի 26-ին հաղորդում է ստացվել, որ ժամը 11։00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի զորավարժարանում զինտեխնիկան վարման ընթացքում պատահական բախվել է կայանված «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի թափքին, որի արդյունքում թափքում գտնվող նույն զորամասի զինծառայող Արոյանը նույն օրը՝ ժամը 11։30-ի սահմաններում, ճակատաքունքային հատվածում ստացած վնասվածքներով ընդունվել է կայազորի զինվորական հոսպիտալ, որտեղ ժամը 13։40-ին մահացել է»,- հայտնել է ՔԿ-ն։
Զինծառայողի մահվան դեպքի առնչությամբ ՔԿ-ն քրեական վարույթ է նախաձեռնել ՀՀ քրեական օրենսգրքի 538-րդ հոդվածի 3-րդ մասով (մարտական հատուկ կամ տրանսպորտային մեքենա վարելու կամ շահագործելու կանոն խախտելը, որը անզգուշությամբ առաջացրել է մարդու առողջությանը միջին ծանրության վնասի պատճառում կամ խոշոր չափերի գույքային վնաս, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ, առավելագույն պատիժն ազատազրկում՝ 6 տարի ժամկետով)։
Զինծառայողի մահվան մասին ՊՆ-ն հայտնել էր մայիսի 26-ին։