Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարանը, նախագահությամբ դատավոր Վահե Միսակյանի, արդարացրել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին՝ «վառելանյութի գործով» հանցակազմի բացակայության հիմքով, որով նրան մեղադրում էին բետբյուջեից մոտ կես միլիարդ դրամի հափշտակություն կազմակերպելու համար:
Դատարանը որոշել է վերացնել Սարգսյանի գույքի վրա դրված կալանքը։ Ըստ դատավորի՝ որոշումը կարող է բողոքարկվել Վերաքննիչ դատարան՝ մեկամսյա ժամկետում։
Դատականի նիստի ավարտից հետո Երրորդ նախագահը վստահություն է հայտնել, որ դատախազը բողոքարկելու է դատարանի վճիռն ավելի բարձր ատյաններում։
«Նորմալ եմ գնահատում (դատական պրոցեսը-խմբ․): Ես վստահ եմ, որ բողոքարկելու են վերադաս ատյաններ։ Տեսնենք»,- ասել է Սարգսյանը։
Հիշեցնենք, որ Սարգսյանի գործը վերաբերում է վառելիքի մատակարարման գործընթացում ենթադրյալ չարաշահումներին: Սարգսյանին մեղադրանք էր առաջադրվել Քրեական նախկին օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ն կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացումը կամ վատնումը կազմակերպելը, դրդելը, օժանդակելը)։ Նույն հոդվածով անցնում էին «Ֆլեշ» ընկերության նախկին սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը, Գյուղատնտեսության նախկին փոխնախարար Սամվել Գալստյանը և նույն նախարարության Բուսաբուծության վարչության պետ Գևորգ Հարությունյանը։ Նրանք նույնպես արդարացվել են։