Երևանում պարեկի են դանակահարել, հայտնել է shamshyan.com-ը։
Կայքի տեղեկություններով՝ մայիսի 26-ին պարեկները Երևանում ավտոմեքենա են կանգնեցրել և պարզել, որ վարորդը վարորդական իրավունք չունի։ Պարեկները հայտնել են, որ ավտոմեքենան պետք է տեղափոխեն հատուկ պահպանվող տարածք, որից հետո նրանց են մոտեցել մի խումբ անձինք։ Սկսված վիճաբանության ընթացքում նշված անձանցից մեկը սուր կտրող-ծակող առարկայով հարվածել է պարեկ Պռազյանին:
Իրավապահները պարզել են, որ ավտոմեքենայի վարորդը Կոտայքի մարզի բնակիչ 23-ամյա Վարդան Մ․-ն, իսկ պարեկին մարմնական վնասվածք հասցրած անձը՝ Երևանի բնակիչ 23-ամյա Էդուարդ Ե․-ն, ում մոտից անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է դանակ:
Պարեկը «կրծքավանդակի աջ կեսի մակերեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ դիմել է բուժօգնության Հերացու անվան թիվ 1 բժշկական կենտրոն։ Էդուարդ Ե․-ն ձերբակալվել է։ Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։