«Իմնեմնիմի» հաղորդման համահեղինակներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի դեմ քրեական գործով հանրային մեղադրողը դիմել է դատարան՝ խափանման միջոցը փոխելու և 3 ամիս ժամկետով կալանք նշանակելու պահանջով։ Այս մասին հայտնել են փաստաբաններ Ռուբեն Մելիքյանը և Արսեն Բաբայանը։
«Միջնորդության փաստական հիմքն այն է, որ ըստ դատախազի՝ Նարեկն ու Վազգենը խախտել են վարչական հսկողության պայմանները։ Պաշտպանության կողմը միջնորդության դեմ առարկում է»,- հայտարարել են փաստաբանները։
Մայիսի 21-ին Սամսոնյանին և Սաղաթելյանին «Իմնեմնիմի» փոդքասթին չմասնակցելու պայմանով ազատ էին արձակել։ «Նարեկն ու Վազգենն ազատ արձակվեցին վարչական հսկողությամբ։ Պայմանը՝ հրապարակավ չհայհոյել ու անպարկեշտ արտահայտություններ թույլ չտալ, ինչպես նաև եթեր դուրս չգալ «Իմնեմնիմի» փոդքաստով»,- տեղեկացրել էր Մելիքյանը։
Միջնորդության քննության համար դատարանը նշանակել է հրատապ նիստ հունիսի 3-ին՝ ժամը 13:00-ին՝ Երևան քաղաքի քրեական դատարանի «Ավան» նստավայրում։
Մարտի 22-ին Քննչական կոմիտեն հայտարարել էր, որ «Իմնեմնիմի» փոդքասթի հաղորդավարներ Սամսոնյանին և Սաղաթելյանին խուլիգանություն կատարելու հոդվածով մեղադրանք է առաջադրվել՝ հաղորդման ընթացքում ՀՀ կառավարության անդամների և իշխանության ներկայացուցիչների հասցեին «հայհոյանքներ և անպարկեշտ արտահայտություններ հնչեցրելու» համար։ Սամսոնյանը և Սաղաթելյանը 2 ամսով կալանավորվել էին։ Ապրիլի 29-ին դատավոր Լուսինե Ալավերդյանը մերժել էր Սամսոնյանի կալանքի դեմ Մելիքյանի ներկայացրած հատուկ վերանայման բողոքը։