Դատարանը որոշում է կայացրել մերժել «Իմնեմնիմի»-ի համահեղինակներ Նարեկ Սամոսնյանի և Վազգեն Սաղաթելյանի խափանման միջոցը փոխելու և 3 ամիս ժամկետով կալանք նշանակելու մասին դատախազների միջնորդությունը, հայտնել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։ Փաստաբանի խոսքով՝ հանրային մեղադրողներն իրենց պահանջը բացատրել են նրանով, թե «իբր խախտել են խափանման միջոցի պայմանները»։
Փաստաբանը հավելել է, որ դատարանը շարունակելու է քրեական վարույթը, իսկ Սամսոնյանն ու Սաղաթելյանը շարունակում են մնալ վարչական հսկողության խափանման միջոցի ներքո։
«Նրանք շարունակում են մնալ վարչական հսկողություն խափանման միջոցի ներքո՝ իր սահմանափակումներով, չվարել հաղորդումը կամ դրան հավասարեցված որևէ այլ հաղորդում և չօգտագործել այնպիսի լեքսիկոն, որը նկարագրված է մեղադրանքի մեջ՝ հայհոյանքներ, անպարկեշտ արտահայտություններ»,- ավելացրել է Մելիքյանը։
Մարտի 22-ին Քննչական կոմիտեն հայտարարել էր, որ «Իմնեմնիմի» փոդքասթի հաղորդավարներ Սամսոնյանին և Սաղաթելյանին խուլիգանություն կատարելու հոդվածով մեղադրանք է առաջադրվել՝ հաղորդման ընթացքում իշխանության ներկայացուցիչների հասցեին «հայհոյանքներ և անպարկեշտ արտահայտություններ հնչեցրելու» համար։ Սամսոնյանը և Սաղաթելյանը 2 ամսով կալանավորվել էին։ Ապրիլի 29-ին դատավոր Լուսինե Ալավերդյանը մերժել էր Սամսոնյանի կալանքի դեմ Մելիքյանի ներկայացրած հատուկ վերանայման բողոքը։
Մայիսի 21-ին Սամսոնյանին և Սաղաթելյանին «Իմնեմնիմի» փոդքասթին չմասնակցելու պայմանով ազատ էին արձակել։