Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի դեմ հարուցված քրեական գործով Հակակոռուպցիոն դատարանը կհարցաքննի «Եղնիկներ» զորամասի փոխգնդապետ Սերոբ Բազիկյանին, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
ԶԼՄ-ի տեղեկություններով՝ նրան հարցաքննության ծանուցում են ուղարկել 44-օրյա պատերազմի ժամանակ Արցախի հյուսիսային ուղղությամբ տեղակայված «Արեգա» բարձունքի հանձնման վերաբերյալ քննության շրջանակներում։
Քննության շրջանակում մայիսի 3-ին ցուցմունք էր տվել Արցախի հերոս, Արցախի «Եղնիկներ» զորամասի նախկին հրամանատար Կարեն Ջալավյանը (Քյոխ), որին հարցաքննության կանչելու մտադրության մասին «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր դեռ հունվարին։
2023-ի ապրիլին Քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանն Armenia Today-ին հայտնել էր, որ Արզումանյանին մեղադրանք է առաջադրվել պատերազմական գործողությունների երկու՝ Շուշիի և «Արեգա» բարձունքի անկման հետ կապված դրվագներով։ Նրան մեղադրանք էր առաջադրվել Շուշիի և հարակից տարածքների պաշտպանությունը կազմակերպելիս ծառայողական պարտականություններին անփույթ վերաբերվելու համար, «որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ՝ հակառակորդի զինված ուժերն ամբողջությամբ վերահսկել են Շուշի քաղաքը և նրա շրջակայքը, և հայկական ստորաբաժանումները կորուստներ են կրել»։ Արզումանյանը կալանավորվել էր 2022-ի սեպտեմբերի 1-ին, նա մինչ օրս կալանքի տակ է։
2024-ի մայիսի 3-ին Քյոխը 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո առաջին անգամ խոսել էր մարտական գործողությունների, Մատաղիսի զորամասի հետնահանջի մասին։