Հունիսի 8-ին Երեան-Սևան-Իջևան ավտոճանապարհին երեք անձի, այդ թվում՝ 8-ամյա երեխայի մահվան պատճառ դարձած վթարի դեպքի առթիվ Քննչական կոմիտեն վարույթ է նախաձեռնել, հայտնել է ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը։
Նա տեղեկացրել է, որ Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 62.8 կմ հատվածում, դեպի Երևան ուղղությամբ ընթանալիս, «Միտսուբիշի Քանտեռ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել հանդիպակաց ուղեգոտի, բախվել կամրջի բետոնե հատվածին, կոտրել երկաթե ճաղավանդակները և ընկել «Հրազդան» գետը:
ՔԿ-ն պարզել է, որ վթարի հետևանքով զոհված 61-ամյա Հ.Հ-ն և վարորդը՝ 69-ամյա Ս.Կ.-ն ամուսիններ են, իսկ 8-ամյա Լ. Մ.-ն՝ նրանց թոռնուհին։
Քրվարույթը նախաձեռնել են ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասով (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ երթևեկության, տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը, որն առաջացրել է 2 կամ ավելի մարդու մահ, պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը 8 տարի ժամկետով)։
«Ավտոմեքենան պատկանում է “Սա…” ՍՊԸ-ին, որտեղ Ս.Կ-ն աշխատում էր որպես վարորդ»,- գրել է Աբրահամյանը։
Ողբերգական վթարի մասին ՆԳՆ-ն հայտնել էր հունիսի 9-ին։