Քաղաքի կենտրոնում վերջին 2 օրերի ընթացքում դանակահարության դեպքեր են գրանցվել, որոնցից մեկն ավարտվել է սպանությամբ, 2 անձ գտնվում է հիվանդանոցում, Armenia Today-ին հայտնել է Քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանը։
Առաջին դեպքը, ըստ ՔԿ-ի նախնական տվյալների, տեղի է ունեցել հունիսի 8-ին՝ Մաշտոցի պողոտայում (ՔԿ-ն ճշտում է ամսաթիվը)։ Մյուս դեպքը տեղի է ունեցել հունիսի 10-ի գիշերը՝ Մաշտոց-Սարյան փողոցների միջակայքում գտնվող այգում, հայտնել է Աբրահամյանը։
«Առաջին դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 44-155 հոդվածի 1-ին մասով (սպանության փորձ, նախատեսվում է ազատազրկում՝ 8-15 տարի ժամկետով-խմբ․)։ Այդ դեպքի հետևանքով մեկ անձ ծանր վիճակում գտնվում է հիվանդանոցում։ Իսկ հունիսի 10-ի գիշերը տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՔՕ 44-155 հոդվածի 1-ին և 155 հոդվածի 1-ին մասերով (սպանություն և սպանության փորձ, առավելագույն պատիժն ազատազրկում՝ մինչև 15 տարի ժամկետով-խմբ․): Այս դեպքով մեկ անձ մահացել է, մեկը գտնվում է հիվանդանոցում, որի առողջական վիճակի մասին այս պահին տեղեկություն չունեմ»,- հայտնել է ՔԿ խոսնակը։
Երևանի կենտրոնում՝ Մոսկովյան, Սարյան և Թումանյան փողոցների խաչմերուկում, հունիսի 7-ին, 8-ին, 9-ին անցկացվել է «Գինու օրեր» փառատոնը։
ՔԿ-ից չեն պնդում, միևնույն ժամանակ չեն բացառում, որ դեպքերը տեղի են ունեցել փառատոնի շրջանակում։
«Դեռևս քննություն է իրականացվում։ Այդ մասով որևէ պնդում չեմ կարող անել։ Համենայն դեպս, դեպքերը տեղի են ունեցել տվյալ ժամանակահատվածում և իմ նշած հատվածներում»,- եզրափակել է խոսնակը։