ՀՀ քննչական կոմիտեն վարույթ է նախաձեռնել հունիսի 11-ին Երևանի Շինարարներ փողոցում տեղի ունեցած 43-ամյա տղամարդու սպանության և 35-ամյա տղամարդու նկատմամբ սպանության փորձ կատարելու առթիվ, հայտնել է գերատեսչությունը։
Ըստ հաղորդագրության՝ վարույթները վերաբերում են ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով (Սպանություն՝ այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով, պատժվում է ազատազրկմամբ՝ մինչև մինչ 20 տարով կամ ցմահ), 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով (Սպանության փորձ՝ այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով, պատժվում է ազատազրկմամբ՝ մինչև մինչ 20 տարով կամ ցմահ) և 335-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը, առաքելը կամ կրելը, պատժվում է ազատազրկմամբ՝ մինչև 3 տարի ժամկետով) նախատեսված արարք կատարելուն։
ՔԿ-ն տեղեկացրել է, որ կրակոցների մասին ահազանգն ստացվել է հունիսի 11-ին՝ ժամը 23։17-ին։ Ավելի ուշ՝ ժամը 23։53-ին, «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել Երևանի 35-ամյա բնակիչ՝ «պարանոցի շրջանի հրազենային վնասվածք» և 43-ամյա բնակիչ՝ «գլխի, մարմնի տարբեր հատվածների հրազենային վնասվածք» ախտորոշումներով։ Ավելի ուշ նշված բժշկական կենտրոնից հայտնել են, որ 43-ամյա տղամարդը մահացել է։
Ըստ ԶԼՄ-ների՝ մահացածը «Ֆազ» մականունով քրեական հեղինակություն Սերգեյ Գրիգորյանն է։