ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը մանրամասներ է հայտնել կուսակցության մարզային կառույցներում իշխանությունների կողմից իրականացված խուզարկությունների մասին։
Հայտարարության մեջ նշվում է, որ «ակնհայտ ապօրինի մեղադրանքներով» այսօր առավոտյան խուզարկություններ են իրականացվել կուսակցության Վայոց ձորի մարզային գրասենյակներում, բերման են ենթարկվել և ձերբակալվել մարզային կառույցի ղեկավար ներկայացուցիչներ։
Կուսակցությունը նման գործողությունները որակել է որպես «անբարո և հակաիրավական մեթոդներով լայնածավալ հարձակում»։
«Ամեն գնով իրենց հանցավոր մտադրություններն իրականացնելու ծրագրի շրջանակներում, իշխանության վերահսկողության տակ գտնվող որոշ լրատվամիջոցների և իրավապահ մարմինների ներգրավմամբ, փորձ է արվում կազմակերպել հերթական բեմադրությունը, իբրև թե կուսակցության ղեկավար մարմնի անդամները նյութապես շահագրգռում են համաժողովրդական ընդվզմանը մասնակցելու համար»,- ասվում է հայտարարության մեջ:
Դաշնակցության Հայաստանի մարմինն ամբողջությամբ «կեղծ և դատարկ» է անվանել այդ մեղադրանքը:
ՀՅԴ ԳՄ-ն հիշեցրել է, որ մայիսի 27-ին ոստիկանական բերետները հարձակվել էին կուսակցության Երևանի կենտրոնական գրասենյակի վրա՝ փորձելով ներխուժել գրասենյակի տարածք և դիմադրության հանդիպելով, խոշտանգել էին ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի նախագահ, պատգամավոր Աշոտ Սիմոնյանին, բերման ենթարկել կուսակցության բազմաթիվ անդամների:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն ահազանգել է, որ Եղեգնաձորում՝ Վայոց ձորի քննչական վարչությունում, առևանգել ու պատանդ են պահում մի քանի քաղաքացիների, այդ թվում՝ կանանց: «Փաստաբաններին թույլ չեն տալիս նրանց իրավունքները պաշտպանել, չեն տրամադրում տեղեկություններ»,- Facebook-ի իր էջում գրել է պատգամավորը։
«Վայոց ձորի մեր կառույցի 10 ղեկավար անդամներ ձերբակալված են, ավելի շուտ՝ առևանգված, որովհետև մարդկանց գտնվելու վայրը մեծ դժվարությյամբ ենք կարողանում ճշտել, փաստաբանները չեն կարողանում մոտենալ»,- լրագրողներին հունիսի 14-ին ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը։
Նա նշել է, որ հունիսի 13-ին համացանցում ձայնագրություններ են հայտնվել, որի հիման վրա քննչական մարմինները հարուցել են քրեական գործ և այսօր առավոտվանից խուզարկություններ իրականացրել Վայքի և Եղեգնաձորի ՀՅԴ գրասենյակներում։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը հայտնել էր, որ հունիսի 14-ի առավոտից խուզարկություններ են կատարվում ՀՅԴ Վայքի և Եղեգնաձորի գրասենյակներում։ Ըստ նրա՝ բերման էին ենթարկվել Վայոց ձորի կառույցի ղեկավար մարմնի ներկայացուցիչներ: