Երևանում խուզարկել են GG ընկերության գրասենյակը, հայտնել է փաստաբան Արսեն Բաբայանը։ Նա նշել է, որ ընկերության նկատմամբ հետապնդումներն սկսվել են նախորդ տարվանից և ունեն քաղաքական դրդապատճառ:
«Սա ամենևին զարմանալի չէ, քանի որ GG հիմնադիր Խաչատուր Գրիգորյանը հակաիշխանական հայացքներով վաղուց էր հայտնի»,- Facebook-ում գրել է փաստաբանը:
Նա հավելել է, որ իրականացվողը քաղաքական պատճառ ունի և միտված է խոշոր ընկերության սնանկացմանը:
Փաստաբան Սերգեյ Հարությունյանը «Հրապարակ»-ին հայտնել է, որ կազմակերպության բոլոր համակարգիչներն առգրավվել են՝ առանց դատարանի համապատասխան որոշման, ինչի հետևանքով կազմակերպության գործունեությունն ավտոմատ կերպով դադարեցվել է։
«Կազմակեպության ներկայացուցիչն ասել է՝ բոլոր համակարգիչների առգրավման պարագայում գործունեությունն անհնար կլինի։ Այս ամենը պայմանավորված է նրանով, որ սեփականատերը մի քանի օր առաջ իր քաղաքական դիրքորոշումն էր արտահայտել և աջակցել Սրբազանին, ինչից հետո համացանցում իշխանական, իշխանահաճո գործիչների կողմից արշավ էր սկսվել ընկերության նկատմամբ, իսկ այս հետապնդումը դրա տրամաբանական շարունակությունն է»,- ասել է փաստաբանը։
GG-ի հիմնադիր-տնօրեն Խաչատուր Գրիգորյանը հունիսի 13-ին իր Facebook-ի էջում աջակցություն էր հայտնել Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին և նրա գլխավորած շարժմանը։
«Եթե դու հայ ես, եթե ինձ բարևելուց ուզում ես, որ ես քեզ հարգեմ, քո տեղը Բաղրամյանի վրա է»,- գրել էր Գրիգորյանը։