Ոստիկանների ու «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքի մասնակիցների միջև հունիսի 12-ի բախումներից հետո 27 ձերբակալված ցուցարար ազատ է արձակվել, որը վկայում է նրանց անմեղության մասին, շարժման հանրահավաքի ժամանակ հայտնել է փաստաբան Սերգեյ Հարությունյանը։
«Դա ցույց տվեց, որ նրանք անմեղ էին և անհիմն, ապօրինի, անհամաչափ ուժի կիրառմամբ ձերբակալվեցին և երեք օր անազատության մեջ գտնվեցին»,- նշել է նա։
Փաստաբանն ավելացրել է, որ այս պահի դրությամբ չկա ձերբակալված որևէ ոստիկան, որը «չափազանց մտահոգիչ է»։ Միաժամանակ նա նշել է, որ կային ոստիկաններ, որոնք փորձում էին կանխարգելել բռնությունները։
Հարությունյանը հիշեցրել է, որ հունիսի 12-ի գործով կա 8 կալանավորված քաղաքացի, կան նաև դաշնակցական կալանավորվածներ։
«Սա էլ արդեն որերորդ անգամ «Դաշնակցություն» կուսակցության նկատմամբ սկսում են այսպիսի բռնություններ, որովհետև վախենում են, որ ազգային կուսակցություն են և այդ կուսակցության մեծամասնությունն այսօր կանգնած է գաղափարի համար»,- ավելացրել է նա։
Մանրամասները՝ տեսանյութում։