Ազգային ժողովի պատգամավոր Իշխան Զաքարյանի նկատմամբ 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո հարուցված քրեական հետապնդումը դադարեցվել է, «Ազատություն» ռադիոկայանին հայտնել են ՀՀ գլխավոր դատախազությունից։
«Զաքարյանն, առհասարակ, որևէ քրեական գործով մեղադրյալի կարգավիճակ չունի»,- ասել են Գլխավոր դատախազությունից։ Գերատեսչությունը, սակայն, չի հստակեցրել, թե երբ և որ փուլում են իրավապահները կայացրել այս որոշումը։
Զաքարյանի նկատմամբ քրեական գործը (նա պատգամավոր է ընտրվել 2021 թվականին ընդդիմադիր «Պատիվ ունեմ» դաշինքի ցուցակով, ապա դուրս է եկել խմբակցությունից և ներկայումս անկախ պատգամավոր է) հարուցվել էր 2021 թվականի հունիսին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններից 3 ամիս անց։ Դատախազությունը նրան մեղադրանք էր առաջադրել փողերի լվացման, պաշտոնեական դիրքի չարաշահման և հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելու հոդվածներով։ Որպես խափանման միջոց էր ընտրվել ստորագրությունը՝ երկրից չհեռանալու մասին։
«Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանն այս լուրը կապում է այն բանի հետ, որ Զաքարյանը չի աջակցել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման նախաձեռնած վարչապետ Նիկոլ Փաշինյանի իմպիչմենտի գործընթացին և հրաժարվել է դնել՝ գործընթացն սկսելու համար պակասող իր ստորագրությունը։ Խորհրդարանական ընդդիմությունն ուներ 35 ձայն, իսկ համապատասխան որոշման նախագիծը ներկայացնելու համար անհրաժեշտ է 36 ձայն։
«Հետք»-ը հունիսի 16-ին հայտնել էր, որ ԴԱՀԿ ծառայությունը կալանք է դրել Զաքարյանի և նրա կնոջ ունեցվածքի վրա։ Ըստ հրապարակման՝ պատգամավորին, կնոջը, որդուն ու հարսին հունիսի 17-ին հրավիրել էին Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն՝ նրանց պատկանող գույքի առնչությամբ իրականացված ուսումնասիրության նյութերին ծանոթանալու համար:
Բացի այդ, ԴԱՀԿ-ն կալանք է դրել պատգամավորին պատկանող գույքի վրա՝ 755 մլն դրամի (մոտ 1 մլն 960 հազար դոլար) չափով։ Նման միջոց է կիրառվել նաև նրա կնոջ՝ Գայանե Սողոմոնյանի ավելի քան 43 մլն դրամ (գրեթե 112 հազար դոլար) ավանդների նկատմամբ։
Մայիսի 12-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Գալստանյանը հայտնել էր, որ երկու անգամ հանդիպել է Զաքարյանի հետ՝ գործող իշխանությանն անվստահություն հայտնելու հարցով։ Գալստանյանի խոսքով՝ պատգամավորը չի հրաժարվել գործընթացին միանալուց։ Միևնույն ժամանակ՝ Զաքարյանը հունիսին չի պաշտպանել ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորների նախաձեռնությունը՝ ընդունելու կառավարության հրաժարականի մասին հայտարարություն։