ՀՀ Արարատի մարզի համայնքերից մեկի ղեկավարի պաշտոնն զբաղեցրած Ս. Բ.-ն պետությանը պատճառել է ավելի քան 438 մլն դրամի վնաս, հայտնում է Հակակոռուպցիոն կոմիտեն։
«Վերջինս տեղեկավալով տնտեսական գործունեություն ծավալող խոշոր ընկերություններից մեկի սեփականատեր Դ. Ղ.-ի կողմից նույն մարզի Շահումյան համայնքում գտնվող և ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող հողամասերում առանց համապատասխան թույլտվության 265961,82 քմ մակերեսով ջերմոցային համալիր կառուցելու մասին, անձնական շահագրգռվածությունից ելնելով՝ Դ. Ղ.-ի դրդմամբ իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ»,- ասված է հաղորդագրությունում
Մասնավորապես՝ Դ. Ղ.-ն մեկ այլ ընկերության տնօրեն Ա. Բ.-ի օժանդակությամբ համայնքապետին է ներկայացրել վերը նշված հողամասերը շինություններով ծանրաբեռնված չլինելու վերաբերյալ ակնհայտ կեղծ տեղեկություններ պարունակող փաստաթղթեր:
Ըստ կոմիտեի՝ Ս. Բ.-ն, խախտելով ՀՀ կառավարության համապատասխան որոշման պահանջները, 2018թ․ դեկտեմբերի 12-ին կայացրած որոշմամբ թույլատրել է իրականացնել ջերմոցային համալիրի կառուցման շինարարական աշխատանքներ։ 2021թ․ օգոստոսի 23-ին Ս. Բ.-ն կազմել է պաշտոնական կեղծ փաստաթուղթ հանդիսացող՝ ջերմոցային համալիրը շահագործման պատրաստ լինելու մասին ավարտական ակտը՝ հիմքեր ստեղծելով շինությունն առանց համապատասխան վճարի օրինականացնելու համար, որի հետևանքով 438 մլն 837 հազար դրամը չի մուտքագրվել համայնքապետարանի բյուջե:
«Նախաքննության ընթացքում ՍՊԸ տնօրեն Դ. Ղ.-ին մեղադրանք է ներկայացվել։ 2024թ․ հունիսի 11-ին մեղադրյալ Դ. Ղ.-ի կողմից ամբողջությամբ վերականգնվել է հանցագործությամբ պատճառված վնասը՝ շուրջ 439 միլիոն ՀՀ դրամը»,- ասված է հաղորդագրությունում:
Հունիսի 17-ին միջնորդություններ են ներկայացվել հսկող դատախազին՝ մեղադրյալների նկատմամբ քրեական հետապնդումները քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցնելու և գործուն զղջալու հիմքով դադարեցնելու մասին, որոնք բավարարվել են, հայտնում է կոմիտեն։