Հայաստանի Հանրապետությանը կվերադարձվի Վահագնի թաղամասում գտնվող առանձնատուն, շարժական գույքեր, ավելի քան 17 մլն դրամ, բաժնեմասեր, հայտնել է Դատական իշխանությունը։
Ըստ հաղորդագրության՝ Հակակոռուպցիոն դատարանը, դատավոր Կարապետ Բադալյանի նախագահությամբ, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով կայացրել է առաջին վճիռը, որը վերաբերում է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր` Լյովա Սարգսյանի հետ փոխկապակցված անձի` «Պոլի-Տրանսպորտ» ՍՊԸ–ի տնօրեն Գևորգ Վարդանյանին։
«Վճռվել է Գևորգ Վարդանյանից հօգուտ Հայաստանի բռնագանձել Երևան քաղաքի Վահագնի թաղամասի բնակելի առանձնատունն ամբողջությամբ, 2 հատ «KAMAZ» մակնիշի տրանսպորտային միջոց, «Լավիթա Ֆարմ» ընկերությունից Գևորգ Վարդանյանին պատկանող 25 տոկոս և «Պոլի-Տրանսպորտ» ընկերությունից վերջինիս պատկանող 20,3 տոկոս բաժնեմասերը, «Պոլի-Տրանսպորտ» ՍՊԸ–ի նկատմամբ ավելի քան 10 մլն դրամի պահանջի իրավունքը և ավելի քան 17 մլն դրամ անձի օրինական եկամուտներով չհիմնավորվող դրամական միջոցներ»,- նշել է Դատական իշխանությունը։
Ըստ հաղորդագրության՝ վճիռն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից 1 ամիս հետո և այդ ընթացքում կարող է բողոքարկվել Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան։
Ըստ «Ազատության»՝ 2019 թվականի սեպտեմբերին Սարգսյանի նկատմամբ մեղադրանք էր առաջադրվել փողերի լվացման և իրական կամ ենթադրյալ ազդեցությունը շահադիտական նպատակով օգտագործելու համար։ Առաջիկա ժամերին դատարանը կքննի նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը:
Նախկին նախագահի եղբայրը մինչ այդ հետախուզվում էր ապօրինի հարստացման և հայտարարագրման ենթակա գույքը թաքցնելու փաստերով հարուցված քրեական գործով։