Հունիսի 21-ին ադրբեջանական կողմից փոխանցված 2 հայ զինծառայողների մասունքների դատաբժշկական և դատագենետիկական փորձաքննություններ են նշանակվել՝ անձանց ինքնությունը պարզելու համար, հայտնել է Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։ Ենթադրաբար, նրանք 2022 թվականի սեպտեմբերյան պատերազմի հետևանքով զոհված հայ զինծառայողներ են։
Աբրահամյանը հիշեցրել է, որ 2022թ․ սեպտեմբերի 13-ին և 14-ին Հայաստանի Հանրապետության դեմ իրականացված ագրեսիայի հետևանքով մինչ օրս անհայտ է 2 զինծառայողի գտնվելու վայրը։
Նա նշել է, որ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններ։
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հունիսի 21-ին հայտնել էր, որ ադրբեջանական կողմը 2 հայ զինծառայողի դիակ-մասունքներ է փոխանցել հայկական կողմին։
2022 թվականի սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերն Ադրբեջանի զինված ուժերը լայնածավալ ագրեսիա էին սկսել Հայաստանի Հանրապետության նկատմամբ՝ գնդակոծելով Գորիսի, Սոթքի և Ջերմուկի դիրքերը: Պաշտոնական տվյալներով՝ 2022-ի երկօրյա մարտական գործողությունների հետևանքով հայկական կողմը 233 զոհ ունի։
2023 թվականի հոկտեբերի 27-ին Armenia Today-ի հարցմանն ի պատասխան՝ ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը հայտնել էր, որ 2022 թվականի սեպտեմբերյան մարտերում Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացված ագրեսիայի հետևանքով անհայտ է 2 զինծառայողի գտնվելու վայրը։ ՔԿ տվյալներով՝ 1992-2023 թվականներին Արցախի և Հայաստանի դեմ Ադրբեջանի ձեռնարկած ռազմական գործողությունների հետևանքով անհետ կորածների թիվը կազմում է 1016 մարդ։