Դատախազը պահանջում է ազատազրկման դատապարտել Թուրքիայից բռնաճնշումների հետևանքով Հայաստան փախած և դատարանի վճռով արդարացված հալեպցի երկու փախստականներին, հայտնել է news.am-ը՝ հղում անելով գործի վերաբերյալ փաստաթղթերին:
Ըստ քրեական վարույթի նյութերի՝ Սիրիայի Հալեպ քաղաքում ծնված 25-ամյա Մուստաֆա Իբրահիմի Հաջ Իբրահիմին և 30-ամյա Մուհամեդ Յուսեֆ Մուհամեդ Մուհսենի Կասսասը 2022 թվականի սեպտեմբերի 30-ի առավոտյան, անցնելով Արաքս գետը, ապօրինի հատել են թուրք-հայկական պետական սահմանը և մտել Արմավիրի մարզի Բագարան գյուղ: Երկու այլազգիներին գյուղի կենտրոնում նկատել է վարչական տարածքի ղեկավարը, նրանց հրավիրել գյուղապետարան, հետո նրանց ձերբակալել են ռուս սահմանապահները։
Սիրիայի քաղաքացիները կալանավորվել էին և նրանց նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 469-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ պետական սահմանն ապօրինի հատելը, պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը վեց տարի ժամկետով) հարուցվել է հանրային քրեական հետապնդում, նրանց մեղադրանք ներկայացվել: Կարճ ժամանակ անց օտարերկրացիները դիմել են ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայություն՝ իրենց փախստական ճանաչելու և ապաստան տրամադրելու խնդրանքով, որը բավարարվել է 2023թ. հունվար-փետրվար ամիսներին:
Իբրահիմին և Կասսասը ՀՀ իրավապահ մարմիններին պատմել են Թուրքիայում իրենց և իրենց ընտանիքի նկատմամբ իրականացված բռնաճնշումների, վատ վերաբերմունքի մասին։
Դատաքննության ընթացքում ամբաստանյալները պատմել են, որ Հայաստան գալու համար նախ Կարս են գնացել, մարդկանցից հետաքրքրվելով՝ պարզել են, որ սահմանն ավելի լավ է Իգդիր քաղաքով անցնեն, անցել են գետի մյուս ափը, որտեղ մոտ 150 մետր քայլելուց հետո հանդիպել են Բագարան գյուղի բնակիչներին։
Լրատվամիջոցը հայտնում է, որ 2023 թվականի սեպտեմբերի 29-ին դատարանը վճռել է ճանաչել և հռչակել Հայաստանում ապաստան ստացած Սիրիայի քաղաքացիների անմեղությունը ՀՀ քրեական օրենսգրքի 469-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված արարքի կատարման մեջ և նրանց արդարացնել՝ իրենց մեղսագրվող արարքը կատարած չլինելու հիմքով։
Սակայն հանրային մեղադրողը դիմել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարան՝ պահանջելով բեկանել կայացված դատավճիռը և սիրիացի փախստականների նկատմամբ համապատասխանաբար պատիժ նշանակել ազատազրկում՝ 3 տարի ժամկետով: Գործը ներկայումս քննվում է Վերաքննիչ քրեական դատարանում: